ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ԱԺ ընդունած սահամանադրական փոփոխությոունների մասին նախագիծը։ Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Խմբակցության իմ գործընկերները, ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»,–գրել է Աբովյանը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Աբովյանը բացատրեց, որ, ըստ օրենքի, անհրաժեշտ է 26.4 ձայն, որը կլորացրած դառնում է` 26։ «ԲՀԿ–ական 25 պատգամավորների ստորագրություններին նաև Տիգրան Ուրիխանյանի ստորագրությունն է միացել»,–ասաց Աբովյանը` հավելելով, որ հիմա պետք է սպասեն ու տեսնեն` ՍԴ–ն կընդունի՞ իրենց դիմումը, թե ոչ։
Ուրիխանյանն, ի դեպ, այժմ անկախ պատգամավոր է, չնայած նախկինում ԲՀԿ–ական է եղել։
Ռուստամ Բադասյանը պատասխանել է ՍԴ 4 դատավորների` պաշտոնից ազատվելու մասին հայտարարությանը
Հիշեցնենք` հունիսի 22-ին ԱԺ–ն Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթ ընդունեց, որն ուժի մեջ կմտնի հունիսի 26-ին։ ԲՀԿ–ն նույն օրը հայտարարեց, որ ստորագրահավաք է նախաձեռնում ՍԴ դիմելու համար, քանի որ նախագիծը հակասում է մայր օրենքին։ Նրանք ունեին 25 ձայն և դիմել էին ԼՀԿ գործընկերներին` միանալ իրենց, քանի որ ևս երկու ձայնի կարիք կար, որպեսզի ՍԴ դիմում ուղարկեին։
Սակայն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ երեկ հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի համար ՍԴ կդիմեն միայն հուլիսի 7-ից հետո, երբ կայանա Քոչարյանի` ՍԴ ներկայացված և հենց այդ օրը նախատեսված հայցի քննությունը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն էլ այսօր հայտնեցին` միջնորդագիր են գրել ՍԴ, ըստ որի` հետ են վերցնում ՍԴ դեռ մեկ տարի առաջ ուղարկած իրենց դիմումները։