ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում արդեն իսկ գրել է դիմում–միջնորդագիր, ըստ որի` Քոչարյանի գործով Սահմանադրական դատարան ուղղված 2 դիմումներից հրաժարվում են։ ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում Վարդևանյանը հայտնեց, թե Քոչարյանի գործն այնպիսի շահարկումների առարկա է դարձել, որ ԼՀԿ–ական պատգամավորները միչև անգամ խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց դրա դեմ գործողություն չեն կատարում։
Հունիսի 22-ին ԱԺ–ն Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթ ընդունեց, որն ուժի մեջ կմտնի հունիսի 26-ին։ ԲՀԿ–ն նույն օրը հայտարարեց, որ ստորագրահավաք է նախաձեռնում ՍԴ դիմելու համար, քանի որ նախագիծը հակասում է մայր օրենքին։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ երեկ հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի համար ՍԴ կդիմեն միայն հուլիսի 7-ից հետո, երբ կայանա Քոչարյանի` ՍԴ ներկայացված և հենց այդ օրը նախատեսված հայցի քննությունը։
«Մեր դիմումը հանուն իրավական պետության է արվել, և դա այն հիմնավորումն է, որն ուներ Քոչարյանն ինքը։ Անընդունելի է ցանկացած ձևով Քոչարյանի գործը շահարկել ու դա հիմք ընդունել անգործության համար։ Եթե ԼՀԿ–ն իսկապես, ինչպես նշել էր, հավատում է իրավական պետության սկզբունքին և պարզապես զգուշավորություն է ցուցաբերում ՍԴ չդիմելով` այժմ չկան շահարկումներ։ Դե տեսնենք` ինչ են անելու»,–ասաց Վարդևանյանը` հավելելով, որ իրենք ստիպված են նման քայլի գնում։
Նրա խոսքով` ՍԴ–ից իրենց դիմումը հետ վերցնելով` Քոչարյանի մասով գործընթացը դադարում է։
ՍԴ-ի փոփոխություններն արվում են, որ թույլ չտան Քոչարյանի գործով որոշում կայացվի. Ալումյան
Հարցին, որ եթե ՍԴ կազմը մնար անփոփոխ, արդյո՞ք դիմումը հետ կվերցնեին` Վարդևանյանը պատասխանեց, որ ՍԴ կազմը որևէ նշանակություն չունի։
Պաշտպանը հավելեց, որ ՍԴ ներկայացրած դիմումը կհրապարակվի։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։
Հունիսի 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացրեցին, որ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:
2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվել էր երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։
Իշխանությանն անհանգստացնո՞ւմ է Քոչարյանի ազատության մեջ գտնվելը. Սիմոնյանի պատասխանը