ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Կորոնավիրուսի համավարակով պայմանավորած`«Հայ ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնը բացօթյա կանցկացվի։ «Լինե´լ․ սա խնդիր չէ» (To BE! That's not a question!)․ սա «Հայ ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնի այս տարվա կարգախոսն է: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս տարի փառատոնը կկայանա հոկտեմբերի 1-8-ը: Նա հույս հայտնեց, որ կորոնավիրուսի հետ կապված լարված իրավիճակը երկրում այդ օրերին մասամբ բարելավված կլինի։
Փառատոնն այս տարի թատերասեր հանրությանը կներկայանա նոր ձևաչափով և բազում անակնկալներով։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ փառատոնի բոլոր ներկայացումները կլինեն բացօթյա։ Փակ տարածքներում (indoor) ներկայացումներ տեղի չեն ունենա:
Փառատոնի նախագահը շեշտել է, որ խստորեն կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, գծանշումներ, դիմակ ու անհրաժեշտ այլ միջոցներ…
Այս տարվա «Հայ ֆեստ»-ի գլխավոր ու աննախադեպ անակնկալը կլինի այն, որ փառատոնը կհյուրընկալվի երևանյան տարբեր թաղամասերում․ «Հայ ֆեստ» գալիս է ձեր տուն»։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կհայտնվեն բնակելի շենքերի պատերին...
«Հայ ֆեստն» ընդամենը 15 տարեկան է և ուզում է ավելի մեծանալ
Նման անակնկալներ սպասվում են ոչ միայն երևանյան, այլ նաև մարզային հանդիսատեսին։ «Հայ ֆեստ» կհյուրընկալվի Գյումրիում, Վանաձորում և այլ մարզերում։
Փառատոնի օրերին գերհագեցած կլինի նաև օնլայն հարթակը: Կանցկացվի թատերական համաժողով՝ «Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև» թեմայով, որը կամուրջ կստեղծի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ճանաչված թատերական փառատոների տնօրենների, բեմադրիչների, թատերագետների միջև:
Հավելենք, որ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
2019թ.-ին Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:
Սա «լյա-լյա-ֆա» չէ․ ջազի աստղերն անհավանական տոն նվիրեցին հայ հասարակությանը․ լուսանկարներ