ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-ից 8-ը: Երևանյան 14 բեմահարթակներից ավելի քան 45 ներկայացում կցուցադրվի «Իմաստը ներկայում է» խորագրի ներքո: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Հայ ֆեստի» մամուլի ծառայությունից։
«Երևանյան թատրոններից փառատոնի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Համազգային», «ԳԱԿ/Փոքր թատրոն», «Միհր» թատրոնները և ոչ միայն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Այս տարի «Հայ ֆեստը» կհյուրընկալի 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակիցների և հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնի նախագահների Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Հարավային Կորեայից, Լեհաստանից, Իսրայելից, Բելգիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն Նովոսիբիրսկից, Բելգիայից, Շվեդիայից, Բրիտանիայից, ինչպես նաև ԱՄՆ-ից ժամանած թատերական խմբերի ներկայացումները։
Նշենք, որ «Հայ ֆեստն» ամեն տարի կազմակերպում է հատուկ ծրագրեր: Այս տարի դրանք չորսն են՝ «Երեխաների իրավունքների տարածումը կատարողական արվեստի միջոցով», «Ամերիկյան ժամանակակից պարի հարթակ», «Իրանական ծրագիր» և «Հայկական թատրոնների ցուցադրություններ»։
Արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի հրավիրատոմսերով, տոմսերով և անցագրերով:
Նշենք, որ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2003-ին: Փառատոնի նախագահը Արթուր Ղուկասյանն է:
2006 թվականից «Հայ ֆեստը» գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի): Փառատոնին աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
2019թ.-ին Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում: