ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերի քվեարկությունը սկսվեց։ Այն կանցկացվի փակ գաղտնի ընթացակարգով:
Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, քվեարկությունը տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճին հարակից սրահում տեղադրված ընտրախցիկներում:
Քվեարկության գործընթացը կտևի 1 ժամ՝ 15:00-16:00, ևս կես ժամ կտևի ձայների հաշվարկը: Հետևաբար, արդյունքերը կհրապարակվեն 16:30-ին:
Նշենք, որ մինչ քվեարկությունը ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունն այդ գործընթացին չի մասնակցելու:
«Հետագա մեր անելիքների ու գնահատականների մասով ևս կլինենք հրապարակային»,- ասաց նա:
Մինչ այդ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում ևս հայտարարել էր, որ իրենք նույնպես չեն մասնակցելու քվեարկությանը։
Փաստորեն, Ծառուկյանին մանդատից զրկելու հարցին կքվեարկեն միայն իշխող` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Նրանք, ինչպես նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, կքվեարկեն «իրենց խղճից ու համոզմունքներից դրդված»:
Ըստ օրենքի` ԲՀԿ առաջնորդին մանդատից զրկելու համար անհրաժեշտ է 67 ձայն։ Ազգային ժողովում «Իմ քայլն» ունի 88 պատգամավոր։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:
«Լավ եմ արել՝ գրել եմ». Ուրիխանյանը խոստովանեց՝ իր ձեռքով է գրել հավատարմության երդումը
Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:
Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս:
Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:
Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
«Այ ձեր ցավը տանեմ, բայց ես գալիս էի». ԱԱԾ աշխատակիցներն ԱԺ բակից տարան Ծառուկյանին
Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրոդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: