Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանի խոսքով` շրջայցերն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա նշված են անվտանգության հիմնական կանոնները: Թե որքանով են դրանք պահպանում տնտեսվարողները տեսչական մարմինները պարզում են ստուգայցերի ընթացքում և համապատասխան նշումներ անում: Ըստ նրա՝ մասնագետները հաճախ հանդիպում են դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու, ջերմաչափում չկատարելու, ախտահանման աշխատանքների բացակայության, գրանցամատյանների թերի լրացման, փակվող աղբամանների բացակայության խնդիրներ խնդիրներ:
«Շատ հաճախ արձանագրվում են ընդհանուր և հիմնական շփման մակերեսների ախտահանման թերություններ։ Երբեմն տնտեսավարողներն ունենում են մաքրող, լվացող հեղուկներ, որոնք օգտագործում են, սակայն միայն մաքրելով չի պայմանավորվում ախտահանման գործընթացը։ Նման դեպքերում տրամադրվում է խորհրդատվություն, որպեսզի նրանք առավել ճշգրիտ հասկանան պարետի սահմանած նորմերը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Եղիազարյանի հաղորդմամբ` վերջին շրջանում առավել հաճախ խախտումներ են արձանագրվում ստոմատոլոգիական կենտրոններում, գեղեցկության սրահներում ու դեղատներում։ Առաջին երկուսն իրենց աշխատանքի «սպեցիֆիկայով» առանձնանում են, հետևաբար նրանց մոտ հաճախ մանրեազերծման, ախտահանման ու թափոնների վերացման աշխատանքներն են թերի կատարվում։ Պատահական չէ, որ նմանօրինակ տնտեսվարողների կասեցումների քանակն ընդհանուր թվի մեջ զգալի է։
Կրկին բազմամարդ հարսանիքներ. 72 ժամով կասեցվել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը
«Եթե մեր տեսչական մարմնի թեժ գծով մոտավորապես մեկ ամիս առաջ ստացվում էին մեծաթիվ զանգեր խոշոր տնտեսվարողների, առևտրի օբյեկտների մասով, ապա այժմ դրանք առնչվում են առավելապես բակային խանութներին, ավելի փոքր տնտեսվարողներին։ Խոշորներն արդեն ավելի համակարգված, միասնական և սպառիչ լուծում են տվել անվտանգության կանոնների պահպանմանը»,– նշեց ԱԱՏՄ մամուլի խոսնակը։
Եղիազարյանը նշեց նաև, որ եթե մեկ ամիս առաջ կասեցվում էր ամեն 3-րդ, 4-րդ, 5-րդ տնտեսվարողի գործունեությունը, ապա վերջին շրջանում նման միջնորդություն ներկայացվում է յուրաքանչյուր 9-րդի, 10-րդի վերաբերյալ։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը հունիսի 12–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Մոտ 70 տնտեսվարող խախտել են պարետի որոշումները. ՍԱՏՄ–ն կասեցրել է դրանց գործունեությունը
Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։