ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի- Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը` Ելենան, վարակվել է կորոնավիրուսով: Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմը։
Ուկրաինայի նախագահի կինն իրեն լավ է զգում։ Ամենայն հավանականությամբ, հիվանդությունն ասիմպտոմ է: Նա մեկուսացել է ընտանիքի անդամներից և ստանում է ամբուլատոր բուժում: Հայտնի չէ, թե Ելենան որտեղ կամ ումից է վարակվել։
«Այսօր ստացա կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը: Անսպասելի նորություն էր: Հատկապես եթե հաշվի առնենք, որ ես և իմ ընտանիքը մշտապես պահպանել ենք կանխարգելիչ բոլոր կանոնները` դրել ենք դիմակներ, ձեռնոցներ, շփումը նվազագույնի ենք հասցրել։ Վլադիմիրն ու երեխաները նույնպես կորոնավիրուսի թեստ են հանձնել, նրանց արդյունքները բացասական են», - գրել է Ելենան Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Երբ տղաները գալիս են հասարակաց տուն, տղամարդիկ հեռանում են. Զելենսկին պատասխանել է կատակին
Նա կոչ է արել պահպանել զգոնությունը և պատասխանատվություն կրել ոչ միայն սեփական առողջության հանդեպ, այլև հարազատների: Ելենան խորհուրդ է տվել դիմակ դնել և հետևել վիրուսի տարածման կանխարգելիչ կանոններին:
Ավելի վաղ Զելենսկին ասել էր` ուզում է վարակվել կորոնավիրուսով և իր օրինակով ցույց տալ, որ կորոնավիրուսը ժանտախտ չէ: