ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների դեմ սկսած իրավական գործընթացը ոչ թե հայ–ռուսական հարաբերությունների կամ քաղաքական հարց է, այլ զուտ Հայաստանի` ներքին իրավական խնդիր։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտենց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով ռուսական կողմի հայտարարություններին, թե ոչ միանշանակ են ընդունում ՀՀ–ում ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների դեմ սկսած իրավական գործընթացները։
«Ճիշտ է, Հայաստանում ընթացող գործընթացների առնչությամբ ռուսական կողմն առաջ բերեց հարցեր, որոնք իրենց ընկալմամբ կարող են դիտարկվել այլ կոնտեքստում, սակայն մենք դրանց նայում ենք զուտ որպես իրավական գործընթացներ։ Այսինքն`դրանք մեզ մոտ ներքաղաքական կոնտեքստում են դիտարկվում, այլ ոչ թե հայ–ռուսական հարաբերությունների»,–ասաց Մնացականյանը։
Նրա խոսքով` Հայաստանում էլի կան հարուցված քրգործեր, որոնք կարող են առնչություն ունենալ այլ երկրների հետ, սակայն այդ բոլոր գործերը որևէ երկրի հետ հարաբերությւոններին չեն առնչվում։
Հարցին, թե Հայաստանի կողմից մի շարք հետախուզվողների Ռուսաստանում թաքվնելն ազդո՞ւմ է հայ–ռուսական հարաբերությունների վրա` Մնացականյանը պատասխանեց, որ ոչ, դա նույնպես իր ազդեցությունը չի թողնում։
Նախարարը նշեց` Հայաստանն ու Ռուսաստանը շատ լավ հասկանում են իրար, իսկ իրավական գործերի առնչությամբ երկխոսում միմյանց հետ։
ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ատոմակայանի վերանորոգման պայմանագիրը
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով նույն թեմային, ասել էր, որ այդ հարցը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս հարցի առնչությամբ, ըստ Փաշինյանի, Պուտինի հետ ձեռք են բերել հստակ պայմանավորվածություններ, որոնք մնում է ի կատար ածվեն` հաշվի առնելով երկու երկրների շահերը։
Նշենք` Հայաստանում ռուսական ընկերությունների՝ «Գազպրոմ Արմենիայի», «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր և կատարվում է քննություն։