ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը չի ժխտում, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ մտերիմ է։ Factor.am–ի հետ զրույցում Հովհաննիսյանը հաստատել է` Բադասյանն իր ընկերն է։
Սակայն հերքել է լուրերը, թե ՊԵԿ նախագահի պաշտոնը ստացել է հենց այդ պատճառով և Բադասյանն անձամբ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ միջնորդել իր համար։
«Ճիշտ է, Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել»,–ասել է Հովհաննիսյանը։
Հարցին, թե ինչպես եղավ, որ վարչապետի ընտրությունը կանգ է առել հենց իր վրա` Հովհաննիսյանը պատասխանել է, թե ճիշտ կլինի` հենց վարչապետն էլ պատասխանի այդ հարցին։ Սակայն Հովհաննիսյանը նշել է` կարող է ենթադրել, որ իր աշխատանքի ընթացքին հետևելով է նման որոշում կայացվել։
Անդրադառնալով բանակում ծառայած-չծառայած լինելու լուրերին` ՊԵԿ նորանշանակ նախագահը հայտնել է, որ չի ծառայել։ Նա պարզաբանել է, որ օրենքով սահմանված կարգով ստացել է տարկետում` երեխաներ ունենալու հանգամանքով պայմանավորված։ Սակայն Հովհաննիսյանը զինապարտ է, ընդգրկված է պահեստազորում։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին աշխատանքից ազատվելու դիմում էր գրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Հաջորդ օրը` հունիսի 5-ին, նոր նախագահ էր նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը։