ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Տավուշի մարզում այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։
«Այսօր` ժամը 10:10–ին, ոստիկանության Իջևանի բաժինը հաղորդում է ստացել, որ Արթուր Պողոսյանը, վարելով բեռնատար մեքենա, դուրս է եկել երթևեկելի գոտուց, ինչի հետևանքով մեքենան կողաշրջվել է, նա տեղում մահացել է»,– տեղեկացրին լրատվական ծառայությունից։
Կատարվածի վերաբերյալ մանրամասներ է հայտնում shamshyan.com–ը։
«ՌԴ քաղաքացի, 50-ամյա Արթուր Պողոսյանը իր վարած բեռնատարով Կիրանց գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել Ժիրայր Ավալյանին պատկանող ավտոտնակի վրա։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները»,–գրում է կայքը։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Կայքի տեղեկություններով` ավտոմեքենան բարձված է եղել շաքարավազով և կողաշրջման հետևանքով այն ամբողջովին թափվել է։