ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման վերաբերյալ իր տեսլականը։ Այն, ըստ նախարարի, նպատակ ունի պաշտպանության համակարգի ներկայի և ապագայի վերաբերյալ իր մոտեցումներն ու գնահատականները հասցնել հասարակությանը, կառավարությանը և զինված ուժերի անձնակազմին:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախարարն իր տեսլականը ներկայացրել է ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման առաջին իսկ օրը։ Պաշտպանության նախարարի մեծածավալ տեսլականն ամբողջությամբ չենք ներկայացնի. հանրության ուշադրությունը կհրավիրենք նրա արած կարևոր շեշտադրումների վրա։
Այսպիսով` նախարարը նշում է, որ արդեն մեկնարկել է ԶՈւ–ի լայնածավալ վերազինման գործընթաց՝ սկսած հրաձգային զենքերից մինչև հեռահար հրթիռային համակարգեր և մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա: Սակայն, ըստ Տոնոյանի, մենք ճանապարհի սկզբին ենք: Նա հայտնել է` զինված ուժերի վերազինումը 4 հիմնական նպատակ է հետապնդում:
«Առաջին նպատակն այնպիսի ռազմական ներուժի ձեւավորումն է, որը ոչ միայն կզսպի հակառակորդի ռևանշիստական նկրտումները և զերծ կպահի լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու գայթակղությունից, այլև այդ գայթակղության դեպքում նրան արագորեն կզրկի պատերազմավարման կարողություններից: Այդ ներուժը կոչված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացից դուրս մղելու վերջնագրերի, նախապայմանների և սպառնալիքների բառապաշարը»,–նշված է տոնոյանի տեսլականում։
Երկրորդ նպատակը ԶՈւ–ի ստորաբաժանումներն այնպիսի շարժունակ, ժամանակակից և գերճշգրիտ զինատեսակներով համալրելն է, որոնք կգործեն ավտոմատ կառավարման տիրույթում և կապահովեն ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները: Այսինքն` շեշտադրելով որակական, այլ ոչ թե քանակական ցուցանիշները` ձեռքբերվող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակները պետք է գերազանցեն արդեն իսկ առկա և փոխարինվող ՍՌՏ-ի տեսակներին` կրակային հզորության ու ճշգրտության, շարժունակության, պաշտպանվածության և արագ արձագանքման իրենց հնարավորություններով:
ԶՈւ–ի վերազինման երրորդ նպատակը ՍՌՏ-ի առավել երկարաժամկետ և դյուրին՝ պակաս մարդկային ռեսուրսներ պահանջող եւ մարդկային գործոնից նվազագույն կախում ունեցող շահագործման, սպասարկման ու կիրառման, դրա արդյունքում՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը հասնելն է։
Եվ վերջապես, վերազինումը նպատակ է հետապնդում հասանելի ռեսուրսների առավել արդյունավետ կիրառմամբ մարտական գործողությունների վարման տարբեր տիրույթներում հասնելու հավանական հակառակորդի նկատմամբ ակնհայտ գերազանցության և չեզոքացնելու այլ ուղղությամբ առկա ռիսկերը:
Օրինակ` 4+ սերնդի բազմաֆունկցիոնալ ավիացիայի ստեղծման նպատակն է ստանձնել նախաձեռնությունը «օդ-օդ» և «օդ-ցամաք» տիրույթներում, տարբեր բարձրությունների և խորությունների վրա գործող գերզգայուն ՀՕՊ համակարգերի համալրման նպատակն է թիրախավորել և չեզոքացնել օդային հարձակման բոլոր հավանական միջոցները և այլն:
Տոնոյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի մարտական հենակետեր. լուսանկարներ
Տոնոյանը նշել է, որ ռազմարվեստի զարգացման գլոբալ միտումներին հետևելուց առավել բարդ է ԶՈւ–ի զարգացման ապահովումն այդ միտումներին համահունչ, համապատասխանեցումը պատերազմի վարման փոփոխվող պահանջներին:
Ըստ նրա` որքան էլ հեշտ թվա փոփոխվելու խնդիրը, ռազմական ոլորտում շարունակական փոփոխությունների ապահովումը բավականին բարդ է, քանի որ պահանջում է ոչ միայն գիտակրթական ներուժ, այլև մեծ ռեսուրսներ, և ամենակարևորը՝ ներդրման խելացի ընթացակարգեր և ճկուն զինվորական անձնակազմ:
Ուստի, ըստ նրա, Հայաստանն իրավունք չունենք գնալու այնպիսի փորձարկումների, որոնք կպարունակեն պաշտպանունակությունը և բանակի մարտունակությունը թեկուզ ժամանակավորապես խաթարող ռիսկեր:
Դավիթ Տոնոյանը խոսել է Զինված ուժերում կատարվող պաշտոնանկությունների մասին
Անվտանգության և պատերազմի վարման արագ փոփոխվող միջավայրում մեր ԶՈւ–ն, ըստ պաշտպանության նախարարի, պետք է ունենա առկա և հավանական ռազմական բնույթի սպառնալիքները կանխատեսելու, գնահատելու, կանխելու, զսպելու և, ի վերջո, չեզոքացնելու համահունչ կարողություններ: Ուստի, կարևոր է ստանալ ոչ միայն արդիական ռազմական գիտելիքներ, այլև ներդնել «մշտապես սովորելու» և փոփոխվող անվտանգության միջավայրին ադապտացվելու ճկուն ընթացակարգեր:
«Այդ խնդրի լուծման համար խիստ անհրաժեշտ է բանակում նախաձեռնողական մշակույթի արմատավորումը: Մեր երկրի ռազմաքաղաքական, ռազմատնտեսական, ռազմատեխնիկական և բուն ռազմական խնդիրները լուծելու համար իրավունք չունենք լինելու միայն արձագանքողի դերում՝ լինի անդադար հրադադարի ռեժիմի խախտումներին, մշտապես պաշտպանությանը նախապատրաստվելու, թե շարունակաբար այս կամ այն ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու դեպքում. դա պարտության ճանապարհ է»,–նշված է նախարարի տեսլականում։
Տոնոյանը նշում է, որ հայկական ԶՈւ–ն պետք է լինի նախաձեռնող և այս ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանքներ են կատարել. տեխնիկական միջոցների և նոր մարտավարության ներդրմամբ փոխել են մարտական հերթապահության կազմակերպման և հրադադարի ռեժիմը պարտադրելու տրամաբանությունը։
Հայկական ԶՈւ–ի վերջնանպատակը պետք է լինի հասնելու լիարժեք թվային կառավարման ավտոմատացված համակարգի ներդրմանը: Ընդ որում` մի կողմից պետք է կառավարման համակարգը համապատասխանեցվի թվային տեխնոլոգիաների արագ զարգացումներին, մյուս կողմից՝ ապահովվի դրանց կիբեռպաշտպանության հուսալի մակարդակ:
Նախարարը չի բացառել, որ կգա այն ժամանակը, երբ ռազմական գործողությունների կառավարման գործում կվերանա կառավարման կետերի և թվային կապուղիների անհրաժեշտությունը։ Ավելին, հրամանատարության միասնական մտահղացման վրա կառուցված ալգորիթմները ռազմական գործողությունների տարբեր փուլերում ստորաբաժանումներին ինքնուրույն կտան այդ մտահղացումից բխող և իրավիճակի ամբողջական վերլուծության վրա հիմնված առավել օպտիմալ լուծումներ՝ բացառելով մարդկային գործոնից կախված հավանական բացթողումները:
Ուստի, ըստ Տոնոյանի, թվային կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումն այլընտրանք չունի՝ լինի դա զորքերի ղեկավարման, ապահովման, թե պատրաստության ոլորտներում:
Հայաստանը 2022–2023 թթ–ին ժամանակակից սպառազինություն ձեռք կբերի