ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի համար ևս մեկ հատուկ չվերթ է իրականացվել։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր ուկրաինական SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան են մեկնել ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ։ Հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով Կիևի «Բորիսպիլ» օդանավակայանում են եղել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները:
«Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանին, կիևաբնակ գործարար Հրաչ Անտոնյանին և Խարկիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանին 17 անապահով ուղևորների համար տոմսեր ձեռք բերելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դեսպանությունը նաև իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ պարետատանը, ՀՀ ԱԳ նախարարությանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությանն ու Ուկրաինայի ԱԳՆ-ին, ինչպես նաև SkyUp ավիաընկերությանը թռիչքի կազմակերպման հարցում համագործակցելու համար:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այս չվերթով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Նրանք պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։
Տեսչության պետն անձամբ է շրջել Մարտունու շուկայում. ինչ խախտումներ է հայտնաբերել
Բոլոր ուղևորները Հայաստան ժամանելուն պես պետք է ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ ծանուցագիր ստորագրեն։