ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն արձագանքել է երգահան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու գրառմանը։
«Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ոտք գցելուն (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)»,- Facebook-ի իր էջում գրել է Նիկողոսյանը։
Նա հավելել է, որ նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, առավել ևս պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում։
Սպիտակի բուժկենտրոնը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին
Ավելի վաղ Վահան Արծրունին Facebook-ի իր էջում գրառում էր կատարելով՝ նշելով, թե մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ covid-բաժանմունք (մեկուսարան) է առանձնացվել։ Այն զինված է մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով։ Արծրունու խոսքով՝ մեկուսարանը դատարկ է մնացել և չի գործածվել անհայտ պատճառներով։
«Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած»,- գրել է Արծրունին և հավելել, որ առողջապահության նախարարը նախընտրում է ոչ միայն հիվանդների, այլ բուժհաստատությունների «սորտավորում» իրականացնել։
Նշենք, որ Հայաստանում արդեն 10 բուժհաստատություն իրականացնում է կորոնավիրուսով հիվանդների ստացիոնար բուժում: Դրանք են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի բժշկական կենտրոնը, այսօրվանից նաև Սպիտակի բուժկենտրոնը։
Այլ մասնավոր հիվանդանոցներ ևս սկսել են կորոնավիրուսով հիվանդների ընդունել. դրանք են «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները:
Երեկվանից Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործում է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն։
COVID 19-ով վարակված երեխաների բուժման համար մոդուլային ընդունարան է կառուցվում նաև Արաբկիր ԲԿ-ին կից։ Մինչ այժմ բուժկենտրոնում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար։
Կանայք, թե տղամարդիկ են ավելի շատ մահանում կորոնավիրուսից. Փաշինյանը թվեր է ներկայացրել
Հավելենք՝ երեկ ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 200 քաղաքացիներ, որոնք սպասում են հոսպիտալացման իրենց հերթին։