ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող բուժկենտրոնների թիվը կարող է ավելանալ։ ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն։ Հրապարակվել է նաև էլեկտրոնային փոստի հասցեն՝ knar_ghonyan@moh.am։
«Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից զգուշացնում են, որ դիմելիս անհրաժեշտ է հաշվի առնել բժշկական անձնակազմի առկայությունը, այսինքն՝ այն բուժաշխատողների, որոնք այս պահին ընդգրկված չեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում այլ բժշկական կենտրոններում:
Հիշեցնենք՝ հունիսի 6–ին ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 200 քաղաքացիներ կան, որոնք սպասում են հոսպիտալացման իրենց հերթին։
Նշենք, որ այս պահին Հայաստանում 9 բուժհաստատություն իրականացնում է Covid 19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժում: Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի բժշկական կենտրոնը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 7 միլիոնին
Այլ մասնավոր հիվանդանոցներ ևս սկսել են կորոնավիրուսով հիվանդների ընդունել, թեև ընդգրկված չեն պետպատվերով բուժում իրականացնող բուժհաստատությունների ցանկում: Դրանք են «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները:
Երեկվանից Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործում է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն։
COVID 19-ով վարակված երեխաների բուժման համար մոդուլային ընդունարան է կառուցվում նաև «Արաբկիր» ԲԿ-ին կից։ Մինչ այժմ բուժկենտրոնում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար։