ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում Պաշտպանության նախարարությունը նոր հենակետ է հիմնել։ Տեղեկությունը լուսանկարներով իր Facebook-ի էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն գործողություն էր իրականացրել, ինչի հետևանքով ցավալի կորուստներ ունեցանք»,–գրել է նա:
Ստեփանյանի խոսքով` նոր դիրքը նոր հնարավորություններ է ստեղծել: Այն բարձրադիր գոտում է, իշխող դիրք ունի ավելի արդյունավետ մարտ վարելու համար: Հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է:
«Այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Ավելացել են նաև կրակային խոցման հնարավորությունները: Գործնականում այս տեղամասում հակառակորդն այլևս չի կարող լուրջ գործողություններ ձեռնարկել, այլապես կպատժվի շատ խիստ»,–գրել է Ստեփանյանը:
Հենց դրա համար էլ զորամասում տվյալ հենակետն անվանում են «պատժիչ»: