ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ երեկոյան եղբայրների միջև դանակահարության դեպք է տեղի ունեցել, ինչի հետևանքով նրանցից մեկը հոսպիտալացվել է։
«Հունիսի 3-ին՝ ժամը 23:50-ին, «Արմենիա» ԲԿ–ից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Երևանի 44-ամյա բնակիչ։ Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դանակահարություն մանկատանը. նախկին սանը «դաս է տվել» 16-ամյա պատանուն
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր և հանցագործության գործիք դանակը։
Իրականացված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժողի եղբայրն է՝ ծնված 1965թ.: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է։