ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նկարիչ և քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին հոբելյանի կապակցությամբ` նշելով, որ նրա աշխատանքներն ինքնատիպ են և պահանջված, համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Շնորհավորում եմ Ձեզ 75-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Դուք տաղանդավոր նկարիչ եք, քանդակագործ, տարբեր ժանրերում և տեխնիկայով կերտած վառ ու ինքնատիպ աշխատանքների հեղինակ։ Կարևոր է, որ այսօր էլ Ձեր ստեղծագործական նախագծերը միշտ հետաքրքիր են, յուրօրինակ և պահանջված։ Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, ոգեշնչում և ամենայն բարիք», – գրված է հաղորդագրության մեջ։
Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիի Սոլոլակի շրջանում 1945 թվականին։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1964 թվականին ընդունվել է Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան, որտեղ ուսանել է Ջորջ Մոտովիլովի և Ալեքսանդր Մատվեևի դպրոցներում։
Դեռևս ուսանողական տարիներից մասնակցում է ցուցահանդեսների։ Ունեցել է շուրջ 100 ցուցահանդես։ Ֆրանգուլյանը ստեղծագործում է հաստոցային մոնումենտալ արվեստի բնագավառում։ Աշխատում է տարբեր նյութերով՝ բրոնզ, մարմար, փայտ, կերամիկա։ Ֆրանգուլյանի գործերում առանձնահատուկ տեղ են գրավում գրաֆիկական աշխատանքները։
Սարյանի և Զարդարյանի`օրերս գտած նկարները լավ վիճակում չեն. ի՞նչ պայմաններում են պահվել
1990-ական թթ. Ֆրանգուլյանը ստեղծել է նոր ժանր, որը անվանել է «քանդակային դիզայն»» Դրանք ֆունկցիոնալ իրեր են` օրիգինալ փոխաբերական մարմնավորմամբ («Ժամացույցը» շարքը, 1993, բրոնզ, ոսկի, արծաթ, կիսաթանկարժեք քարեր)։
Ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։