Ամերիկյան Մինեապոլիսում մայիսի 25-ից բողոքի ակցիաներ են անցկացվում սևամորթ Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու աղմկահարույց դեպքից հետո։ Ձերբակալությունից կարճ ժամանակ անց տղամարդը մահացել է, հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները։
Մի քանի ժամ անց համացանցում տարածվել է ձերբակալման սարսափելի տեսանյութը։ Տեսանյութում սպիտակամորթ ոստիկանը մի քանի րոպե շարունակ ծնկով սեղմում է 46-ամյա Ֆլոյդի վիզը, մինչև սևամորթը բղավում է, որ չի կարողանում շնչել և խնդրում բաց թողնել իրեն։
Ոստիկանները նաև չէին լսում ոչ միայն կալանավորի, այլև միջադեպի ականատեսների խնդրանքները, որոնք իրավապահներին կոչ էին անում դադարել ծաղրել Ֆլոյդին։
Արդյունքում նա, հավանաբար, կորցնում է գիտակցությունը, նրան դնում են պատգարակի վրա և տեղափոխում հիվանդանոց, որտեղ բժիշկներն ավելի ուշ արձանագրում են տղամարդու մահը։
ԶԼՄ–ների տվյալներով` տղամարդը ոստիկանների ուշադրության կենտրոնում հայտնվել էր ենթադրաբար կեղծ թղթադրամով գնում կատարելու փորձի ժամանակ։ Ոստիկանները պնդում են, որ երբ սպաները դեպքի վայր են ժամանել, Ֆլոյդը մեքենայում է եղել, նրան կարգադրել են դուրս գալ մեքենայից։ Իբրև թե տղամարդը ֆիզիկական դիմադրություն է ցուցաբերել, և նրան ձեռնաշղթա են հագցրել, ինչպես նաև գետնին պառկեցրել` դեմքով դեպի ներքև։
Ֆլոյդի մահվան հստակ պատճառն այս պահին պարզում են, միջադեպին առնչություն ունեցող ոստիկաններն արդեն հեռացվել են աշխատանքից, իսկ դեպքի առիթով հետաքննություն է իրականացնում հետաքննությունների դաշնային բյուրոն։
Պատժվողներ լինելու են. Հունան Պողոսյանը Կապանում բողոքի ակցիայի մասնակիցների մոտ է
Քաղաքում բողոքի ալիք է բարձրացել։ Խաղաղ երթը վերածվել է ջարդերի և կողոպուտի, ցուցարարների շարքում կան վիրավորներ, առնվազն մեկ մարդ մահացել է։