ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Դերասանուհի Նատալյա Վավիլովան, որը հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կերտած Ալեքսանդրայի դերով, այս պահին բուժում է ստանում տանը։ Նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշված, բայց հիվանդությունը թեթև ընթացք ունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային տրամադրեց կինոռեժիսոր Սամվել Գասպարովի (Վավիլովայի ամուսնու) եղբոր դուստրը՝ Իրինա Գասպարովան։
«Սկզբում Նատալյան կաթված տարավ։ Բայց հետո նրա մոտ, ինչպես և Սամվել Գասպարովի, կորոնավիրուս ախտորոշեցին։ Հիմա նա տանն է բուժվում, նրա մոտ Covid-19-ի թեթև ձևն է»,-ասաց Իրինան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սամվել Գասպարովը մահացել է կորոնավիրուսի բարդացումից, 82 տարեկան հասակում։ «Հորեղբորս թոքերը դադարեցին գործել»,-պատմեց Իրինան։
Նրա խոսքով` նախկինում Գասպարովը երբեք թոքերի հետ կապված որևէ խնդիր չէր ունեցել, բայց անցած տարի ստամոքսի վիրահատություն էր տարել, ինչը, ամենայն հավանականությամբ, թուլացրել էր նրա դիմադրողականությունը։
Գասպարովի ազգականները կարծում են, որ նա կորոնավիրուսով վարակվել է հիվանդանոցում, ուր տանում էր կնոջը՝ կաթվածի հետևանքները բուժելու համար։ Հորեղբոր հիվանդության մասին ազգականներն իմացել են մայիսի 12-ին։ Կինոռեժիսորի` Թբիլիսիում բնակվող եղբայրը՝ Էդուարդ Գասպարովը, առնելով եղբոր վարակված լինելու մասին լուրը, սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց։
«Մեկ շաբաթ հիվանդանոցում է եղել, ստենդ են տեղադրել, հիմա տանն է` բժիշկների հսկողության տակ»,-ասաց Իրինան։
Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը հասնում է 6 մլն–ի. ո՞ր հորիզոնականում է Հայաստանը
Գասպարովը ծնվել է Թբիլիսիում։ Նա այնպիսի հայտնի ֆիլմերի հեղինակ է, ինչպիսիք են «Վեցերորդը», «Մոռացեք «մահ» բառը», «Հաց, ոսկի, նագան», «Առանց հատուկ ռիսկի»։
Շատերը կարծում են, որ Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Գասպարովան կինոռեժիսորի դուստրն է, բայց Իրինան նշեց, որ իրականում Աննան նրա կրտսեր քրոջ աղջիկն է։
Սամվել Գասպարովը Նինո անունով դուստր ունի առաջին ամուսնությունից։