ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի երիտասարդների միջև կայացած ֆուտբոլային խաղից հետո 20–ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, բայց մինչ բուժհաստատություն տեղափոխվելը կենսաբանական մահ է գրանցվել:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին` 18:00-19:00-ի սահմաններում: Մարմաշեն համայնքի կազմում ընդգրկված 2 համայնքի` Մարմաշեն ու Վահրամաբերդ բնակավայրերի երիտասարդների միջև ֆուտբոլային հանդիպում է կայացել նոր կառուցված մինի ֆուտբոլային դաշտում:
Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ֆուտբոլային հանդիպումից հետո վիճաբանություն է եղել տղաների միջև, բայց թե ինչն է եղել երիտասարդ տղայի մահվան պատճառը, անհայտ է:
«Արտաքին զննությամբ նրա վրա հարվածի հետքեր չեն եղել»,- նշեց համայնքի ղեկավարը` տեղեկացնելով, որ տղան նոր էր վերադարձել ԶՈւ ծառայությունից ու առողջական խնդիրներ չուներ: Երիտասարդը Վահրամաբերդից էր:
Sputnik Արմենիայի տեղեկություններով վնասվածքներ են եղել տղայի գլխի հատվածում:
Քննություն է կատարվում մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։