ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա․-ն Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ պատգամ է հղել, որում անգամ պատմական Հայաստանի մի կտոր հողի վրա անկախության ու հայրենիքի ազատության վերահաստատումը «հրաշքին համազոր երեւույթ» է որակում:
«Ազգերի պատմության մեջ այնտեղ, որտեղ ամուր հավատք ու կամք կա, ներքին միասնականություն կա, հայրենիքի համար կռվելու ու նույնիսկ արյուն թափելու սրբազան նախանձախնդրություն կա, այնտեղ կա նաեւ հրաշք։ Այսպես եղավ Հայաստանի Հանրապետության կերտումը մի խումբ հերոսների կողմից»,- ասված է կաթողիկոսի պատգամում։
Արամ Ա-ն նաև նշում է, որ թեև անկախ Հայաստանի կյանքը երկար չի տևել, սակայն անկախության ոգին ու տեսլականը վառ են մնացել հետագա սերունդների կյանքում։
«Հարյուր տարիներ առաջ Հայաստանի առաջին անկախությունը կերտած մեր հերոսները այսօր ևս մեզ հիշեցումներ ունեն կատարելիք։ Եթե ականջ ունենք լսելու, եթե հավատք, կամք ու հանձնառություն ունենք այդ հիշեցումները կյանքի վերածելու»,- նշում է կաթողիկոսը։
Նրա խոսքով՝ ներկա ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության հզորացումը, անվտանգության ամրացումը, տնտեսության ծաղկումը, միջազգային հարաբերությունների ծավալումը յուրաքանչյուր հայի համար գերագույն առաջնահերթություն է։
Իսկ Արցախի անկախության ամուր պահպանումն ու հերոսական բանակի առավել կազմակերպումը, նրա խոսքով, յուրաքանչյուր հայի և ողջ հայության համար պետք է դառնա ամենօրյա տագնապ։
«Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում». Սերժ Սարգսյանի ուղերձը
Արամ Ա-ն խորհուրդ է տալիս զգույշ նայել պատմությանը՝ ինչ էին Հայաստանի պայմանները 1918-ն, տնտեսական տագնապ, համաճարակ, արտաքին ճնշում և Հայաստանը` շրջապատված թշնամիներով, ու համեմատել անցյալի Հայաստանը ներկա Հայաստանի հետ:
«Մի՞թե նույնը չէ կացությունը առավել կամ նվազ չափով: Հայաստանի պահպանումը մեր ժողովրդի համար գերագույն սրբություն պետք է դառնա, հայրենի մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, մեր ժողովրդի ներքին ուժը ջլատող ամեն տեսակ մոտեցումներից»,- նշում է նա՝ պատվիրելով համախմբել համայն հայության ներուժը, որպեսզի միասնաբար, հաղթելով մեր ունեցած տարբեր տեսակետները, միասնաբար Հայաստանի, Արցախի, հայության մեր դատի շահերը նկատելով մեր ժողովրդի անխախտ առաջնահերթությունները։
Հարգել մայիսի 28-ի հերոսներին, նրա բնորոշմամբ, նշանակում է հավատարիմ մնալ նրանց նվիրական կտակին, Արցախի ու Հայաստանի անկախությանը եւ անկախության հոգին ու տեսլականը ամբողջական Հայաստանին, ամբողջական հայության տեսլականը վառ պահելով մեզնից յուրաքանչյուրի կյանքի մեջ: Դա է մայիս 28-ի պատգամը:
Հայաստանում կանայք Շվեյցարիայից դեռ 53 տարի առաջ ընտրելու իրավունք ունեին