ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ չնայած համավարակի տարածման ակտիվացմանն ու դրա դեմ պայքարի խստացմանը, դպրոցներում ուսումնական տարվա ավարտին շարունակում են լոկալ միջոցառումներ կազմակերպել:
«Մենք զգուշացրել ենք, որ նման բան չանեն: Բայց նման տեղեկություններ ունենք ու հիմա նույնպես աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ: Օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ կոչ անել, հորդորել, նաև պահանջել դպրոցական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան նման միջոցառումների կազմակերպումից»,- ասաց Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ շրջանավարտներին խոստացել է «Վերջին զանգի» միջոցառումների համար համավարակի հաղթահարումից հետո մեկ օր նշանակել ու ամբողջ երկրի տարածքում նշել: Բայց այս պահին նախարարը հորդորեց զերծ մնալ միջոցառումներ կազմակերպելուց ու հատկապես առաջիկա 4 հանգստյան օրերին սրբավայրեր այցելելուց: Նախարարն այս հանգամանքի վրա հրավիրեց ՀՀ ոստիկանապետի ուշադրությունը:
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ անցյալ շաբաթ հատկապես մեծ կուտակումներ են գրանցվել Սպիտակի Սբ. Հովհաննես մատուռի մոտ:
«Հսկայական կուտակումներ են եղել և սոցիալական ցանցերում, մամուլում այդ նկարները կան: Ես կխնդրեի, որպեսզի ոստիկանությւնը նաև այստեղ հսկողություն իրականացնի և առնվազն թույլ չտանք նման կուտակումներ, որոհետև դրանք դառնում են համավարակի տարածման մեծ աղբյուրներ»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հնարավոր դեպքերի համար պատասխանատվությունը դնել դպրոցների տնօրեններին ու համայնքների ղեկավարների վրա:
«Երբ որ մենք տեղեկատվութսյունը կհավաքենք, թե ովքեր են նման միջոցառումներն արել՝ կանոնների խախտմամբ, կարծում եմ` դա որոշակի կոնկրետ հետևանք կունենա դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետագա գործունեության գնահատականի վրա»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև հանձնարարեց ոստիկանությանը հավաքել տեղեկատվություն այն մասին, թե ովքեր չեն ենթարկվում կանոններին:
Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։
Վերջին մեկ օրում վարակը հաստատվել է 372 մարդու մոտ, փաստացի առողջացել են 35–ը։
Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի