ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:
Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, այս միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին իրագործելու մրցունակ գործարար ծրագրեր:
«Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը, իսկ «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուներին՝ ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը»,- ասաց Խաչատրյանը:
Միջոցառման շահառու կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեություն ծավալողների: Շահառուները պետք է նախորդ մեկ տարվա ընթացքում ունեցած լինեն բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացրած լինեն ՀՀ մարզերում և չհանդիսանան «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու:
Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկի 75%-ը տնտեսվարողներին կհատկացվի 8 տարվա մարման ժամկետով, անտոկոս, 25% ը՝ որպես դրամաշնորհ։
Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար. մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 10 մլն դրամ սկսնակների համար, իսկ նորարարական զարգացման շահառուների համար՝ 20 մլն դրամ:
Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 7- 10%:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակով ու Հայաստանում մարտի 16-ից գործող արտակարգ դրության պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու դրա հետևանքները վեացնելու համար ՀՀ կառավարությունն առ այսօր 18 միջոցառում է հաստատել, որոնք նախատեսված են սոցիալական տարբեր խմբերի ու տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում աշխատող սուբյեկտների համար:
Տիգրան Խաչատրյանը հայտնել է` ինչու են մերժվում տնտեսական աջակցության հայտերը