ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. ԱԺ նիստերի դահլիճում դիմակ կրելու, դիմակով խոսել-չխոսելու թեման գնալով թեժանում է։ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրոզոյանի այն հայտարարությանը, որ դիմակ չկրող պատգամավորները դուրս կհրավիրվեն դալիճից, շեշտեց` Միրզոյանը երկակի ստանդարտներ է կիրառում։
«Երբ բռունցքներով հարձակվում են պատգամավորների վրա, բռնություն են գործադրում, ոչ մի պատգամավորի դահլիճից դուրս չեք հրավիրում, 1 կամ 7 օրով նախազգուշացում չեք տալիս, որից հետո ՀՀ վարչապետը ելույթ է ունենում և արդարացնում է բռնությունը, դուք ծափահարում եք, պարոն Միրզոյան։ ԱԺ նախագահը պետք է փորձի անաչառ մնալ կամ գոնե երևա անաչառ»,-ասաց նա։
Մարուքյանի խոսքով՝ չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության հետևից ընկնել, ակնարկելով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերների ժամանակ, երբ սենյակում մենակ նստած է, ձևական դիմակ է կրում։
«Ուզում եմ խոստովանել, որ սխալ էինք»․Արարատ Միրզոյանը` Արցախում դիմակ չկրելու մասին
Մարուքյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է ներկայանա որպես կորոնավիրուսի մասին համազեկուցող և 47 անդամ պետություններում պետք է ներկայացնի, թե կորոնավիրուսով պայմանավորմած մարդու իրավունքները որքանով են խախտվել արտակարգ դրությունից ելնելով, մինչդեռ նա լռում է, երբ ԱԺ-ում երկակի ստանդարտներ են կիրառվում:
«Ոտնահարվում է Սահմանադրությունը ԱԺ կանոնակարգ-օրենքի սխալ կիրառմամբ, հետևաբար դուք ինչպես եք օբյեկտիվ զեկուցող հանդես գալու։ Կարծում եմ՝ այսուհետ վտանգված է ձեր զեկուցողի պաշտոնում հաստատվելու հարցը»,- ընդգծեց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ այսօր, Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված, ԱԺ նիստերի դահլիճից նախազգուշացվելուց հետո, 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։
ՀՀ առողջապահության նախարարը խոսել է աղմուկ հանած արցախյան լուսանկարի մասին
Մարուքյանը Միրզոյանի հայտարարությունը համարեց ոչ Սահմանադրական, նշելով, որ ԱԺ նիստերին դիմակով չխոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։ Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում, ուստի և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։