ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀՀ-ից արտահանվող կոնյակի որակն ու գինն անհանգստացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով կոնյակի շուկայում կատարած ուսումնասիրության արդյունքները:
«Մենք ուսումնասիրել ենք կոնյակ, գինի, մրգօղի արտադրող բոլոր ընկերությունները, մթերման ծավալները՝ քաղաքացի առ քաղաքացի: Դա ահռելի ծավալ է, որովհետև նայում ենք բոլոր մթերողներին՝ քաղաքացին այդքան բերք ստացե՞լ է, այդքան ջուր օգտագործե՞լ է, որովհետև եթե չի օգտագործել, ապա այդ այգին այդքան չկա: Այս պրոցեսն ամբողջությամբ կավարտենք, տվյալները կթվայնացնենք ու կհրապարակենք: Գրեթե բոլորի նկատմամբ հարուցել ենք վարույթ, որովհետև տվյալները կամ ամբողջությամբ չէին տալիս, կամ խուսափում էին տալ»,- ասաց Գևորգյանը:
Ինչո՞ւ են Վրաստանում «քրքրում» ԵԱՏՄ երկրներ արտահանվող հայկական կոնյակի սպիրտը
Նա հայտնեց նաև, որ խաղող մթերող ընկերություններն այսուհետ պարտավոր են մթերման ծավալների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել անմիջապես մթերումն ավարտելուց հետո: Իսկ պայմանը չպահողներին կարգելեն «Հայկական կոնյակ» բրենդն օգտագործել:
«ՀՀ արտահանման էտալոն հանդիսացող կոնյակը պետք է պահի իր տեսակը, որակը, չափանիշները: Մեր մտահոգությունն այն է, որ ՀՀ-ից արտահանվող կոնյակի ինքնարժեքը բավականին ցածր է, շահութաբերությունը բավականին ցածր է, ինչը մեծ անհանգստությունների տեղիք է տվել»,- նշեց Գևորգյանը:
Ինչպե՞ս կարող է կորոնավիրուսը «բուժել» հայկական կոնյակը. փորձագիտական կարծիք
Հիշեցնենք՝ կոնյակի շուկայում 2019թ-ին ՏՄՊՊՀ-ի կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ 2019 թվականի տասն ամիսների ընթացքում 38 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակ: 2018 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում 33 ընկերություններ արտահանել են շուրջ 9 մլն լիտր կոնյակ, իսկ ամբողջ տարվա ընթացքում՝ 11 մլն լիտր: Այսինքն՝ կոնյակի արտահանման ծավալներն աճել են 37 տոկոսով:
Նույն ժամանակահատվածում 14 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակի սպիրտ (100% սպ.), ինչը հավասար է 2018 թվականի ամբողջ տարվա ընթացքում արտահանված կոնյակի սպիրտի ծավալներին:
Հայկական կոնյակը օղուց էլ լավ կարող է հաղթահարել «վիրուսային» ճգնաժամը. ռուս փորձագետ
Հանձնաժողովը հաշվարկել է նաև 1 լիտր կոնյակի ստացման համար անհրաժեշտ նյութածախսը: Հատկանշական է, որ տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տեղեկության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի շարք դեպքերում 3 տարվա հնեցման 0,5 լիտր տարողությամբ կոնյակի նյութածախսը զգալիորեն տարբերվել է հանձնաժողովի հաշվարկած ցուցանիշից, ինչը կարող է վկայել հնարավոր անբարեխիղճ գործողությունների մասին: