ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նորընտիր յոթերորդ գումարման խորհրդարանը փակ քվեարկության արդյունքում 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր` մայիսի 21–ին, Ազգային ժողովի նախագահ է ընտրել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին: Տեղեկությունը հաղորդում է artsakhpress–ը։
Կայքի հաղորդմամբ` ներկայացնելով ԱԺ նախագահի թեկնածուի ինքնակենսագրական տվյալները՝ նիստը վարող «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանն ասել է, որ Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական գործունեությունը սկսել է 1995թ. ապրիլի 30-ին, երբ Գյունե-Կալերի թիվ 24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ապա ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
1996-1997թթ. եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ:
«Արթուր Թովմասյանը նշել է, որ առաջնահերթ պետք է ՀՀ Ազգային ժողովի հետ ստորագրել նոր Արցախ-Հայաստան միջխորհրդարանական պայմանագիր, և տարեկան ունենալ միջխորհրդարանական 4 նիստ՝ ներկայիս 2-ի փոխարեն: Նա հայտնել է, որ պետք է խորհրդարանական կապերն ընդլայնել օտարեկրյա խորհրդարանների հետ»,–գրում է կայքը:
Նշենք, որ այսօրվա նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն նախագահի տեղակալին և մշտական հանձնաժողովների նախագահներին, կստեղծվեն մշտական հանձնաժողովները։
Արցախի խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը (16 պատգամավոր), «Միասնական հայրենիք» կուսակցությունը (9 պատգամավոր), «Արդարություն» կուսակցությունը (3 պատգմավոր), «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը (3 պատգամավոր) և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը (2 պատգամավոր)։
Փոխզիջումների դեպքում էլ գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար. Փաշինյան
Հիշեցնենք, որ ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։