ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի –Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Նրան կուղեկցեն աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը, մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը և հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը։
Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը կկայանա երեկոյան` ժամը 18.00–ին Շուշիի մշակութա-երիտասարդական կենտրոնի դահլիճում։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով լրագրողներ դահլիճում չեն լինի, սակայն ուղիղ հեռարձակում կապահովվի։
Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը հանդիպել են. լուսանկար
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը, որը ավելի վաղ զբաղեցնում էր Արցախի վարչապետի պաշտոնը, իսկ ավելի ուշ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարն էր, Արցախի հանրապետության նախագահ ընտրվեց ապրիլի 15-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում։ Նա այդ պաշտոնում փոխարինեց Բակո Սահակյանին, ով Արցախը գլխավորում էր 12 տարի։