ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գտնվող «Գրին հաուզ» ընկերության ջերմոցների պահակակետի մոտ մայիսի 8-ի երեկոյան տեղի ունեցած խուլիգանության դեպքով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինծառայող Ս. Ն.-ին: Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ):
Ս.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով որպես տուժող հարցաքննվել են ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին՝ «Գրին Հաուս» ՍՊԸ-ի տնօրեն Վ.Ք.-ն, ինչպես նաև Ս.Ք.-ն և Յու.Ք.-ն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինծառայող Ս. Ն.-ն, Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Է.Է.-ն և քննությամբ չպարզված, զինվորական համազգեստով ևս երկու անձինք, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին Հաուս» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում ծեծկռտուք են իրականացրել։
Նրանք կոպտորեն խախտել են հասարակական կարգը՝ մոտ 10-15 րոպե բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, որը զուգորդվել է այնտեղ գտնվող Վ.Ք.-ի, Ս.Ք.-ի և Յու.Ք.-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերով, ոտքերով, բահով հարվածներ հասցնելով և մարմնական վնասվածքներ պատճառելով։ Նրանք նաև վնասել են գույքը, սպանության սպառնալիքներ հնչեցրել, ինչպես նաև զենք հանդիսացող ինքնաձիգի գործադրմամբ կրակոց արձակել:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Խաչատուր Քոքոբելյանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից: