ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik, Արմենուհի Մխոյան․ Տանը մեկուսանալը շատ արվեստագտների համար մտքի թռիչքը կտավին կամ արույրին նորովի հանձնելու հնարավորություն է: Կորոնավիրուսը շատերին ստիպում է իրենց աշխատանքներում նորույթ մտցնել:
«Տանը մնացած», կամ ինչպես են իրենց ժամանակն անցկացնում գյումրեցի տղամարդիկ
Երիտասարդ նկարչուհի Լիլիթ Տոնականյանի կտավները միշտ են առանձնացել հայրենի տուֆաշխարհի վառ ներկապնակով: Հիմնականում երփներանգ ծաղիկներ նկարող 25-ամյա արվեստագետի համար համավարակը «Փոթորիկն» ու «Մեղուն» արարելու լավ առիթ էր: Կորոնավիրուսը, ըստ նկարչուհու, նաև բնությունը գնահատելու հնարավորություն է: Լիլիթի նոր ստեղծագործությունները նախորդներից տարբերվում են իրենց յուրօրինակ գունախաղով:
«Այս ընթացքում ծաղիկներ էլ եմ նկարել, բայց հատկապես «Փոթորիկում» օգտագործված գույներով առաջին անգամ փորձել եմ նկարել համավարակը։ Կտավում եղած գույներով ուզում եմ ցույց տալ, որ թեև կան փոթորիկ և ալիքներ, կա նաև լույս»,- պատմում է Լիլիթը՝ հավելելով, որ մյուս գործը՝ «Մեղուն», ծնվել է շատ պատահական. ծնողների տան բակում տեսել է մեղվին և որոշել է նրան մի քանի ժամում «հանձնել» կտավին՝ որպես շարունակվող կյանքի ու դեպի վեր սլացող մտքերի խորհրդանիշ:
Զինամթերքից զարդեր պատրաստող գյումրեցի արվեստագետ HayAr ապրանքանիշի հեղինակ Արտակ Թադևոսյանը, որի աշխատանքներին Sputnik Արմենիան արդեն իսկ անդրադարձել է, այս ընթացքում էլ իր հիմնական աշխատանքով է զբաղվել, սակայն երկարատև դադարից հետո հենց «Կորոնան» ստիպեց նորից վրձին վերցնել ու մտքերը կտավին հանձնել:
«Վերջին անգամ 2016-ին էի նկարել: Կտավի գաղափարը խորն է՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով, իսկ կորոնավիրուսը ստիպում է արժեվորել ու գնահատել ունեցածը: Վարակը ցույց տվեց, որ մարդը ամենակարող ու զորեղը չէ։ Բնությունն է կատարյալ: Մարդիկ ու կենդանիները տեղերով փոխվեցին․մարդիկ հայտնվեցին անազատության մեջ, կենդանիները՝ ազատության: Մարդը պետք է կարողանա գնահատել ունեցածը»,- կտավը ներկայացնելով ասում է Արտակը:
Ինքնատիպ ձեռագիր ունեցող JEVO ապրանքանիշի հեղինակներ, եղբայրներ Մամիկոն և Աշոտ Միքայելյանները համավարակը համեմատում են արևի խավարման հետ։
«Ինչպես գիտենք, յուրաքանչյուր խավարումից հետո արևի լույսն ավելի պայծառ է լինում, մնում է միայն համբերություն ունենալ»,-նշում են արվեստագետ եղբայրները՝ ցույց տալով արույրից ու օնիքսից պատրաստած կախազարդը:
Մամիկոնի կինը՝ Անին, որը նույնպես հետաքրքիր ու տարբերվող զարդեր է պատրաստում «Մնա տանը» կարգախոսով կախազարդ է ստեղծել։ Ի տարբերություն տղաների՝ Անին կախազարդը մեկ օրում է պատրաստել։ Ասում է՝ այն ընտանեկան ջերմության խորհրդանիշ է և ընտանիքն ու ընտանեկան ջերմությունը կարևորող կոչ:
Շիրակցի արվեստագետների աշխատանքները, ինչ խոսք, տարբերվող են և անպայման կգտնեն իրենց տերերին, բայց ունեն մեկ՝ վատի մեջ լավը, բացասականի մեջ դրականը փնտրելու ընդհանրություն, չէ որ միշտ էլ խավարին հաջորդում է լույսը: