ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած մահվան գրեթե բոլոր՝ 43 դեպքերում էլ, պացիենտներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն (38% դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13%), զարկերակային հիպերտենզիա (60%), շաքարային դիաբետ (38%), մետաբոլիկ համախտանիշ, խրոնիկական պիելոնեֆրիտ, ինֆարկտից և ինսուլտից հետո կրած մնացորդային երևույթներ, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շագանակագեղձի քաղցկեղ, սակավարյունություն և այլն:
«Հիմնականում պացիենտներն ունեցել են 1-ից ավելի ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հարկ է նշել, որ պացիենտներից 5-ի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, 5-ի մոտ` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, 2-ի մոտ` նախասրտերի շողացում, իսկ 5 պացիենտ ունեցել է խրոնիկական երիկամային անբավարարություն (տերմինալ շրջան), որոնք իրենց հերթին հանդիսացել են անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակի առաջացման պատճառ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ԱՆ տվյալների՝ գերակշիռ դեպքերում մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարության, սուր շնչառական անբավարարության պատճառով, իսկ որպես հիվանդություն, որը հանգեցրել է մահվան, հիմնականում եղել է երկկողմանի թոքաբորբը:
«Ունեցել ենք մահվան մեկ դեպք (69-ամյա տղամարդ), երբ պացիենտը չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն»,-գրված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 145-ով և դարձել 3029։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 մարդ, կատարվել է 29205 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1218–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 43 դեպք և մահվան 10 անուղղակի դեպք: