ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրվել է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Տեղեկությունն այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա ասել է, որ նիստը նախանշված է երկուշաբթի օրը՝ մայիսի 11-ին` ժամը 13:00–ին:
Քոչարյանը հայտնել է, որ Կարեն Կարապետյանի հրավերն ուղարկվել է ՀՀ-ում նրա գրանցման հասցեով, որտեղ այն ստացել ու ստորագրել են:
Հիշեցնենք, որ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի վերջին «հյուրերից» էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը: Հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, բայց նա չէր ընդունել հրավերը:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը հանձնաժողովի ապրիլի 16-ի նիստում տևել էր շուրջ 5 ժամ: Նիստին Սարգսյանը մասնակցել էր դրա տեսաձայնագրությունն իրեն տրամադրելու պայմանով, ինչը բավարարվել էր: Սարգսյանն էլ պարտավորվել էր մինչև 2050 թվականը նիստի ժամանակ հնչած հարցուպատասխանի մանրամասները չհայտնել։
Հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան
Նշենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը նախանշված է ս.թ. հունիսի 4-ին: Աշխատանքների ավարտին հանձնաժողովը կհրապարակի 2016-ի ապրիլին ծավալված քառօրյա պատերազմի հանգամանքների մասին զեկույց:
Սարգսյանը Խաչատուրովին հորդորել է ներկայանալ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին