ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԵԱՏՄ երկրներից սննդամթերք արտահանելու սահմանափակումները հունիսի 30-ից հետո հազիվ թե երկարացվեն։ Այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված առցանց քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանը։
Նա ընդգծեց` գործող սահմանափակումներն էլ վերաբերում են որոշ պարենային ապրանքների, որոնց դեպքում ԵԱՏՄ–ում ուզում են լրացուցիչ պաշար ստեղծել։ Խոսքը հնդկաձավարի, բրնձի, ալյուրի, սոխի, սխտորի և մի շարք այլ ապրանքների մասին է։ Այս սահմանափակումները չեն վերաբերում միրգ– բանջարեղենին, ինչպես նաև դրանցից պատրաստվող պահածոներին։
«Հակառակը` հենց այսօր ԵԱՏՄ երկրների արտահանողների համար լավ հնարավորություններ են ստեղծվում, և նրանք կարող են ամրապնդվել երրորդ երկրների շուկաներում, որտեղ մի շարք մթերատեսակների պահանջարկը կարող է գերազանցել առաջարկը»,– հավելեց նախարարը։
Ըստ Քամալյանի` ԵԱՏՄ–ում քննարկվում է պարենային անվտանգության միասնական հայեցակարգ կիրառելու հարցը, որպեսզի երկրները հաշվարկեն, թե ինչպես կարող են փոխլրացնել սննդամթերքի միմյանց կարիքները: Այդ դեպքում Ռուսաստանը կամ Բելառուսը սեղանի խաղող չեն աճեցնի, եթե այն կա Հայաստանում կամ Ղրղզստանում, իսկ Հայաստանը շաքարի ճակնդեղ չի աճեցնի, եթե այն կա նույն Ռուսաստանում կամ Բելառուսում։
Հիմա Եվրասիական միության անդամները քննարկում են այս հայեցակարգի մոտեցումները (ինչպես նորմալ, այնպես էլ արտառոց, ճգնաժամային պայմանների համար)։