ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) բավականաչափ հասունացել է ինտեգրման ավելի բարձր մակարդակի անցնելու համար։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը այս մասին հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՏՄ երկրների կառավարական պատվիրակությունները Եվրասիական տնտեսական միության տարածքում գազի տեղափոխման սակագնի ձևավորման հարցում միասնական որոշում և համաձայնեցված ձևակերպումներ չեն մշակել: Քննարկման արդյունքում որոշվել է առաջարկված տարբերակները ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը, այսինքն ՝ շարունակել բանակցությունները պետությունների ղեկավարների մակարդակով։
«Այն փաստը, որ մենք այսօր քննարկում ենք սակագնագոյացման հարցերը՝ կապված գազի շուկայի, միջազգային տրանսպորտային փոխադրումների ազատականացման հետ, խոսում է այն մասին, որ մեր միավորումն արդեն հասունացել է ինտեգրման ավելի բարձր մակարդակի անցնելու համար», - նշել է Միշուստինը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանն ու Ղրղզստանը կողմ են արտահայտվել ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագների ձևավորման մոտեցումներ մշակելու Ղազախստանի առաջարկին ՝ համապատասխան միջազգային պայմանագրի նախապատրաստման շրջանակում:
«Ռուսաստանն ու Ղրղզստանը աջակցել են այդ առաջարկին, և ինչպես արդեն ասվեց, ընդհանուր խմբագրություն են նախապատրաստել։ Այն կառուցողական բնույթ է կրում եւ անհրաժեշտ փոխզիջման մշակմանն է ուղղված», - հավելել Է Միշուստինը։
Նախատեսվում է, որ մայիսի 19-ի հերթական նիստում ԵԱՏՄ երկրների ղեկավարները կհաստատեն մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները: