Հայ հանրության սիրելին դարձած արտասովոր «շամանը», որը վանում է կորոնավիրուսի ոգին, որոշել է Երևանի կենտրոնական փողոցներից մարզեր տեղափոխվել։ Sputnik Արմենիայի ընթերցողներն այս անգամ նրան նկատել են Արագածոտնի մարզի Արագած գյուղում, որը գտնվում է մայրաքաղաքից 70 կմ դեպի արևմուտք։
Մեր «շամանը» մի լավ պատրաստվել է ճանապարհորդությանն ու թմբուկից բացի այս անգամ իր հետ նաև մեծ պայուսակ է վերցրել։ Ի դեպ, Երևանում նա ավելի համեստ էր և ջանում էր անցորդներին չնայել, մինչդեռ Արագածոտնում իրեն տեսանկարահանող մարդուն «շամանը» ողջունում է թմբուկի հարվածով։
Ավելի վաղ նրան նկարահանել էին Երևանի Երվանդ Քոչարի փողոցում։ Տղամարդը նույն հագուստով քայլում էր ամայի փողոցով և թմբկահարում։ Միևնույն ժամանակ նա ինչ–որ տարօրինակ ու անհասկանալի բան էր երգում։ «Շամանի» մասնակցությամբ առաջին տեսանյութը համացանցի օգտատերերը շատ էին հավանել։ Նրանք կատակել էին, թե նրան հրավիրել են, որպեսզի վանի կորոնավիրուսի ոգին։