ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանն այս պահին Ազգային ժողովում է, մասնակցում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին։
Նիստը սկսվել է դեռ ժամը 13–ին։
Ինչպես հայտնի է, Մնացականյանը 2016–ի ապրիլյան գործողությունների ժամանակ եղել է Պաշտպանության բանակի հրամանատարը:
Դեռ նախորդ տարի Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իրեն դեռ չեն հրավիրել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, սակայն հրավիրելու դեպքում մեծ ուրախությամբ կներկայանա։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին նույն հանձնաժողովի նիստին մասնակցեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանձնաժողովը հրավիրել էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, սակայն նա չէր ներկայացել։
Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։ 2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։
Բացի այդ, ՊՆ–ից հանձնաժողով են ուղարկել մեծ ծավալի փաստաթղթեր, որոնցից արդեն ուսումնասիրվել է 2684 էջը` 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներով, տեղեկատվական–վերլուծական և հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերով։