ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում հատուկ սահմանափակումների ժամկետը երկարացվել է ևս 5 օրով։ Համապատասխան որոշումն ընդունել է պարետ Տիգրան Ավինյանը։
Արթիկում կորոնավիրուսի դեպք է հաստատվել
Այսպիսով ուժի մեջ են մնում պարետի` ապրիլի 18–ին ընդունած որոշման դրույթները, այն է`
- Սահմանել բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության,
- Գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն Անի համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում,
- Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահմաններում:
Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր մուտք գործելու սահմանափակման համար բացառություն էր սահմանվել մինչև 2020 թվականի ապրիլի 19-ը՝ ժամը 22:00-ն՝ թույլատրելով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը։
Պարետի նոր որոշումը գործում է մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 23։59–ը։
Հիշեցնենք, որ մինչ օրս Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 77 դեպք: Վարակվածներից 10–ը տեղափոխվել են Երևան, 10–ը` ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից: Արձանագրվել է մահացության 3 դեպք:
Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 1677։
Մոմավաճառ, տաքսու վարորդ, դեղատան աշխատող. Շիրակում վարակի նոր աղբյուրներ են բացահայտվել