Ինչ են զգում կորոնավիրուսով հիվանդները, ինչպես են վերագնահատում կյանքն ու իրենց տրված երկրորդ հնարավորությունը: ՀՀ առողջապահության նախարարության տեսանյութում կորոնավիրուսով վարակվածները պատմում են հիվանդության իրենց պատմությունները: Տեսանյութի առաջին հերոսը կին է, հիվանդանոցում է արդեն 12 օր: Իրեն լավ է զգում, միայն կարոտն է խանգարում. տանը 3 երեխաներն են սպասում:
«Իմ կյանքը բաժանվել է երկու մասի՝ մինչև կորոնավիրուսն ու դրանից հետո: Ուրախ եմ, որ գարնան գույները նորից կտեսնեմ»,- պատմում է մեկ ուրիշ հիվանդ, որի առողջական վիճակը բավականին բարդ է եղել, բայց հիմա արդեն լավ զգում իրեն։
Ծանր վիճակը հաղթահարած մեկ այլ տղամարդ էլ պատմում է, որ վերակենդանացման բաժնում անցկացրել է 11 օր՝ մարտի 27-ից մինչև ապրիլի 6-ը: Պատմությունից պարզ է դառնում, որ նա անգամ միացված է եղել արհեստական շնչառության ապարատին:
«Երբ որ ապարատից անջատեցին, տարբեր մտքեր կային. ինչ հիանալի բան է կյանքը»,- ասում է տղամարդը, որն արդեն սպասում է հիվանդանոցից դուրս գրվելու պահին։
Կորոնավիրուսով հիվանդների պատմություններն իրար նման են, բայց ամեն մեկն առանձնահատուկ է հուզում: Տեսանյութի հերոսներից մեկը, պարզվում է, ընտանիքի միակ վարակվածը չէ:
28 երեխա, 4 հղի. Թորոսյանը բացառիկ մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի թեմայով
«Ապրիլի 7-ին ինձ այստեղ բերեցին: Կարդացի՝ «վերակենդանացման բաժին», տպավորություն էր, թե քավարան են բերել: Երկրորդ հարվածն այն եղավ, որ հասկացա՝ ընտանիքիս անդամներն էլ են վարակված, նույնիսկ մեկ տարեկան երեխայիս չէր խնայել էս վիրուսը»,- պատմում է տղամարդն ու ուրախությամբ փաստում՝ հիմա բոլորը լավ են, կնոջ մոտ վիրուսն առանց որևէ ախտանշանի է անցել, իսկ փոքրիկին որոշակի բուժում է անհրաժեշտ եղել, ինքն էլ հուսով է՝ մեկ օրից արդեն հիվանդասենյակ կտեղափոխվի:
Բոլոր հիվանդները շեշտում են բժիշկների հոգատարությունը, որի շնորհիվ նրանք կարողացել են հաղթել հիվանդությանը: Բոլորն էլ լավատես են՝ մեկուսացված ապրելը դժվար է, բայց գիտեն՝ շուտով առողջացած են տուն գնալու:
Հիշեցնենք` ապրիլի 22- տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1473-ի, առողջացել է 633 մարդ, բուժվում են 816–ը։ Մահվան դեպքերը 24–ն են։