ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Կյանքից հեռացել է դիվանագետ Ռուբեն Շուգարյանը։ Նրա մահվան մասին հայտարարություն են տարածել ընտանիքի անդամները` կինը` Լիլիթ Կարապետյան–Շուգարյանը, որդիները` Նարեկ, Տիգրան և Հայկ Շուգարյանները։
«Խոր կսկիծով հայտնում ենք, որ այսօր Բոստոնում մահացավ մեր ընտանիքի սիրող հայրն ու ամուսինը»,– նշված է հայտարարության մեջ։
Ռուբեն Շուգարյանը ծնվել է 1962թ․ հոկտեմբերի 19-ին Մոսկվայում: 1985-1990թթ․ դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանում, 1990-1991թթ․ աշխատել է որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի ավագ փորձագետ-խորհրդատու:
1991-1993թթ․ եղել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար և արտաքին կապերի գծով օգնական: 1993-1999թթ․ զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: 1999-2005թթ․ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: 2005-2008թթ․ զբաղեցրել է Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի (նստավայր՝ Հռոմ) պաշտոնը: 2008թ-ից սկսած դասավանդում էր Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ որպես հրավիրյալ դասախոս և գիտնական:
Նա 2008թ–ի նախագահական ընտրություններում պաշտպանել էր Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը, որից հետո հեռացվել էր դիվանագիտական պաշտոններից։
2019 թվականի մարտին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շուգարյանին լիազոր դեսպանի դիվանագիտական կոչում էր շնորհել։
