ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ կորոնավիրուսից բխող իրավիճակի հետ կապված Հայաստանի արտաքին պարտքը կարող է ավելանալ։ Գրիգորյանը նման կարծիք հայտնեց կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ` պատասխանելով հարցին, թե նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասել էր, որ անհրաժեշտ քայլերից էր նաև պետական պարտքի ավելացումը։
«Ես համաձայն եմ Գաբրիելյանի հետ ու չեմ բացառում, որ մեր արտաքին պարտքը կարող է ավելանալ։ Ավելին, որևէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքի ավելացման հետ կապված»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` այժմ մտածում են, այդ ուղղությամբ մի քանի սցենարներ կան։
Հարցին, թե արդյունքում որքանո՞վ կավելանա ՀՀ արտաքին պարտքը` Գրիգորյանը պատասխանեց, որ դեռ վաղ է թվեր հնչեցնել։ Նա նշեց` աշխարհում իրադարձություններն այնպես են ընթանում, որ որոշակի ժամանակ է պետք իրենց, որպեսզի ճիշտ քայլեր արվեն։
Ինչու են արտաքին պահուստները հասել ռեկորդային մակարդակի. ռիսկեր և սպառնալիքներ
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներով` 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար։ Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքը։ Տարվա ընթացքում այն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8 %-ով։