ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այս պահին ունեն թոքերի արհեստական շնչառության 10 սարքեր, որոնք վերանորոգվել են և ենթական են շահագործման։
«Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք դա տրամադրել Առողջապահության նախարարությանը։ Գործընթացը շարունակվում է, և մենք ամեն օր տարբեր հաղորդագրություններ ենք ստանում, որ այս կամ այն վայրում առկա է թոքերի արհեստական շնչառության սարք, որն ունի տեխնիկական խնդիրներ։ Մենք այդ սարքերը հավաքագրելուց հետո տրամադրում ենք ինժեներական ասոցիացիային, որոնք էլ դրանք վերանորոգում են և բերում աշխատանքային վիճակի»,-ասաց նախարարը։
Ըստ Արշակյանի՝ թոքերի արհեստական շնչառության սարքերը պետք է ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տեսակի տվիչներ, սենսորներ, որոնք գնահատում են հիվանդի վիճակը և ըստ այդ տվյալների են գործում, որպեսզի ավելի չվատթարացնեն հիվանդների վիճակը և նրանց կյանքին ու առողջությանը սպառնալիք չդառնան։
COVID-19. ի՞նչ տեխնիկա են ռուս մասնագետները բերել Հայաստան․ տեսանյութ
«Այդ սարքը չպետք է միայն պոմպի դեր կատարի՝ օդը մղելով և արտամղելով թոքեր, այլ պետք է լիարժեք փոխարինի շնչառական համակարգին։ Այդպիսի սարքերի նախագծումը շատ բարդ պրոցես է և մեկ շաբաթում կամ նույնիսկ մեկ ամսում լուծվող հարց չէ»,-ասաց նա։
Արշակյանի խոսքով Հայաստանում առկա արտադրական գործարանները, ինժեներական կայացած ընկերությունները, համալսարանները, գիտահետազոտական խմբերը պատրաստակամություն են հայտնել միանալ թոքերի արհեստական օդափոխման սարքերի նախագծման, թեստավորման, լաբարատոր փորձարկումների, պահեստամասերի և այլ բաղադրիչների արտադրության կամ ներկրման հարցում։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածերի թիվն այսօր դարձել 881:
Այսօր ժամը 11-ի տվյալներով՝ Հայաստանում բուժվածների թիվը 114 է, փաստացի բուժման մեջ է 758 հիվանդ, որոնցից 8-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ 4571 թեստի պատասխան բացասական է եղել: 9 մարդ մահացել է: 8 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է:
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Հայաստանում մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:
Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:
Հայաստանում 9-րդ մարդն է մահացել կորոնավիրուսից. դեպքը գրանցվել է Արտաշատի հիվանդանոցում