ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Մոսկվայում այսօր մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։ Նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից։
ՌԳԱ Պ.Ն. Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Ելենա Լեբեդևան հայտնել է, որ վերջին անգամ պրոֆեսորն աշխատանքի է գնացել մարտի 16–ին։
Դրանից օրեր անց նրա ջերմությունը բարձջրացել է և նա սկսել է իրեն վատ զգալ։ Այդ ընթացքում նա աշխատակիցներից որևէ մեկի հետ չի շփվել։ Վերջին օրերին նրան միացրել էին թոքերի շնչառական սարք, և բժիշկները պայքարում էին նրա կյանքը փրկելու համար։
Ղազարյանին հոսպիտալացրել էին մարտի վերջին կնոջ` համաճարակաբան Արփիկ Ասատրյանի հետ։ Նրա մոտ նույնպես կորոնավիրուս էր ախտորոշվել։ Կինը մահացել էր մարտի 27–ին։
Նշենք, որ Ղազարյանը 72 տարեկան էր։ Նա Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է։
Միշիկ Ղազարյանը հեղինակ է մի շարք միջազգային արտոնագրերի, հինգ մենագրության և ավելի քան 250 գիտական հոդվածների: Մ. Ղազարյանը Ա.Մ.Պրոխորովի անվան ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ է (2005թ.), անդամակցում էր Եվրասիական ֆիզիկոսների միության համակարգող խորհրդին: Հայ ֆիզիկոսների միության անդամ է:
Աշխարհում COVID-19–ով վարակվածների ընդհանուր թիվն անցավ 1.3 մլն–ից
Միշիկ Ղազարյանը այս տարիների ընթացքում որպես հրավիրյալ մասնագետ դասախոսություններով հանդես է եկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հայաստանի, Ավստրալիայի, Իտալիայի, Թայվանի և այլ երկրների ֆիզիկոսների, ուսանողների համար:
2008 թվականին նա ընտրվել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: