ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Տեսականորեն հնարավոր է, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը նվազի։ Նման սցենարի օգտին է խոսում նավթի գնանկումը և կորոնավիրուսի պայմաններում էներգակիրների պահանջարկի ընդհանուր նվազումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը։
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլերին` առաջարկելով նոր բանակացություններ սկսել, մասնավորապես, սահմանին գազի ներկայիս գինը նվազեցնելու վերաբերյալ։
Հայաստանն այսօր «կապույտ վառելիքը» գնում է 165 դոլարով։ Երկրի ներսում հիմնական սակագինը ներկայիս փոխարժեքով մոտ 280 դոլար է։
«Կողմերն, իհարկե, կարող են գալ համաձայնության և նվազեցնել սահմանին գինը։ Սակայն, միևնույն ժամանակ, շատ բան կախված է հայ–ռուսական քաղաքական հարաբերությունների որակից։ Գազ չեն վաճառում միջազգային բորսաներում, դրանում է նավթից նրա տարբերությունը։ Հետևաբար, գնագոյացման հարցում էական դեր են խաղում քաղաքական գործոնները», – կարծում է Մանվելյանը։
Հայաստանը փորձում է պահպանել գազի գինը՝ սահմանին սակագինը նվազեցնելու հաշվին
Սպասվող հայ–ռուսական քննարկումների ֆոնին աչքի է ընկնում վերջին տեղեկությունն այն մասին, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունն ուզում է դիմել կարգավորիչին` առաջարկելով վերանայել սակագները։ Մասնավորապես, ընկերությունն ուզում է հուլիսի 1-ից բարձրացնել սակագինը անապահով բաժանորդների համար, որոնք ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեն և տարեկան մինչև 600 խմ գազ են սպառում։
Նրանց համար սակագինը կբարձրանա 100–ից մինչև 135,9 դրամ 1 խմ–ի դիմաց։ Իսկ այն բաժանորդների համար, որոնք ամսական մինչև 10 հազար խմ գազ են սպառում (տնային տնտեսություններ, ՓՄՁ–ների մեծ մասը), առաջարկվում է նվազեցնել գինը 139 հազարից մինչև 135,9 հազար դրամ։
Մանվելյանը դժվարացավ ասել՝ ինչու է ընկերությունն ընտրել սակագների վերանայման հենց նման սխեմա, հաշվի առնելով, որ նվազումը սպառողների հիմնական մասի համար աննշան է լինելու, իսկ սոցիալապես խոցելի խավի համար` հակառակը` էական։ Նա չբացառեց, որ անապահով շերտն է կազմում սպառողների զգալի մասը, և ցածր սակագնով այդքան մեծ թվով քաղաքացիներին գազ մատակարարելն ընկերության համար էական ֆինանսական խնդիրներ է առաջացնում։
«Արդեն մեկ տարուց ավել է՝ «Գազպրոմ Արմենիան» բնակչությանն էժան գազ է վաճառում սահմանին գնի բարձրացման պայմաններում։ Այդ տարբերությունը ընկերությունը փոխհատուցում է իր ներքին ռեսուրսների հաշվին։ Ակնհայտ է, որ այլևս այդպես շարունակվել չէր կարող», – ասում է Մանվելյանը։
Նա կարծում է, որ եթե ընկերությունը ծանրակշիռ փաստարկներ չունենար, չէր դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։
Ներկայում գազի գինը Հայաստանի բնակչության համար կազմում է 139 դրամ 1 խմ–ի դիմաց։ Անապահով ընտանիքների համար սահմանվել է տարեկան 100 դրամ առաջին 600 խմ–ի համար և 139 դրամ` 600 խմ–ից ավել սպառելու դեպքում։
«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով