ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի– Sputnik. Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջությամբ վճարել է «Արտկոն» ՓԲԸ-ին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով «Հետք» լրատվականի հրապարակած ««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել» վերնագրով հոդվածին։
«Աշխատանքներն ավարտվել են և ներկայումս ընկերությունը պարտավորված է նախարարություն ներկայացնելու վերջնահաշվարկ՝ դրական կամ բացասական տարբերությամբ»,-գրել է նա։
Նշենք, որ այսօր «Հետք» լրատվականին տված հարցազրույցում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանի արտադրության պետ Հովհաննես Խաչատրյանը հայտնել է, որ մոդուլի կառուցման աշխատանքները կատարած «Արտկոն» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը հրաժարվում է վճարել աշխատակիցների աշխատավարձերը:
«Նորք» ԲԿ–ին կից կառուցվող նոր մեկուսարանների բոլոր մոդուլներն արդեն տեղում են
««Արտկոն» ՓԲԸ-ի 25 աշխատակիցները մարտ ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել, և ըստ արտադրամասի պետ Հովհաննես Խաչատրյանի՝ ընկերության տնօրենը հրաժարվում է աշխատավարձերը տալուց: Հովհաննես Խաչատրյանը, որն «Արտկոն» ՓԲԸ-ում աշխատում էր այս տարվա փետրվարից, ասաց, որ ապրիլի 6-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ըստ նրա՝ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը ձգձգել է աշխատավարձերի վճարումը, իսկ այնուհետև կտրականապես հրաժարվել է»,-գրում է կայքը:
Ըստ կայքի՝ աշխատակիցներն ապրիլի 6-ի դրությամբ պետք է ստանային 400 հազար դրամ գումար:
«Արտկոն» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը լրատվականի հետ զրույցում ասել է, որ փետրվարի աշխատավարձերը փոխանցվել են, իսկ մարտ ամսվանը կփոխանցեն մինչև ապրիլի 15-ը, հավելելով, որ իր վրա փորձում են «կեղտ ման գալ»։
«Իր օրինակի մեջ առաջին մեր փորձն է»․ Թորոսյանը ցուցադրեց «Նորք» ինֆեկցիոնի նոր մասնաշենքը
Հիշեցնենք՝ մարտի 18-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց՝ տեղեկացնելով, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «լայն թափով ընթանում են» մոդուլային ընդունարանի կառուցման աշխատանքները, և 3-4 օրում կառուցվել է 40 նոր պալատ: Երկու շաբաթ անց՝ ապրիլի 2-ին, նախարարը տեսանյութ հրապարակեց և հայտնեց, որ 10 օրում կառուցված 42 սպասասենյակ ունեցող մոդուլը պատրաստ է իրենց ախտորոշմանը սպասող քաղաքացիներին ընդունել: