ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց այդքան հանգիստ չվերաբերվել կորոնավիրուսին:
«Սկզբնական շրջանում մենք կարողացանք կանխել խուճապային երևույթները։ Բայց ոնց հասկանում եմ, չափից շատ ենք կանխել, որովհետև երկրում տիրում է համատարած հանգստություն, երկրում տիրում է համատարած հանդարտություն: Իհարկե, դա լավ է սոցիալ-հոգեբանական տեսակետից, բայց համաճարակային տեսանկյունից պրոբլեմ է», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` խուճապային տրամադրությունների բացակայության հետևանքով Հայաստանը կանգնած է դեպքերի աճի վտանգի առաջ, չնայած նախօրեին գրանցվել էր որոշակի նվազում:
«Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք այդ պրոբլեմին», - ասաց վարչապետը՝ կոչ անելով ավելի շատ ջանք գործադրել սեփական անվտանգությունը պահպանելու համար:
Նա շեշտեց` մեկուսացման պայմանները չպահպանելով՝ առաջին հերթին վտանգի տակ ենք դնում մեր մեծահասակներին։
«Սա չի նշանակում` ավելի երիտասարդների համար երաշխավորված է, որ վիրուսը լինելու է անվտանգ։ Ոչ, նման բան ոչ ոք չի պնդել և չի կարող պնդել, ուղղակի ասվում է, որ վիրուսն առավելապես վտանգավոր է մեր ավագ սերնդի համար»,- ասաց վարչապետը։
Վարչապետը շեշտեց, որ կառավարությունը մտադիր է ավելացնել թեստավորման քանակն ու դրանով ավելացնել հնարավոր դեպքերի բացահայտման ցուցանիշը:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է. սա մահվան արդեն չորրորդ դեպքն էր։