ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. Արցախի Ազգային ժողովի ընտրություններում 5 կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք կգործի. տեղեկությունը ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Ազգային ժողովում ընտրված են համարվում 5 տոկոսի շեմը հաղթահարածները, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոսի շեմը հաղթահարածները։ Ըստ այդմ, ԱԺ–ում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր` «Ազատ հայրենիք» դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, «Արցախի արդարություն կուսակցությունը», «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» »,–ասաց Արզումանյանը։
Նրա խոսքով` մանդատների վերաբերյալ տվյալները կհրապարակվեն 7 օր հետո։
- Կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները ստացել են ձայներ հետևյալ բաշխվածությամբ.
«Ազգային վերածնունդ» ` 2360 ձայն կամ 3.2 տոկոս, - «Միասնական հայրենիք» կուսակցություն` 17 365 ձայն կամ 23.63 տոկոս,
- «Անկախության սերունդ»`656 ձայն կամ 0.9 տոկոս,
- «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն` 4717 ձայն կամ 6.4 տոկոս,
- «Արցախի հեղափոխական կուսակցություն» 1660 ձայն կամ 2.26 տոկոս,
- «Ազատ հայրենիք» դաշինքը` 29 688 ձայն կամ 40.4 տոկոս,
- «Արցախի արդարություն կուսակցություն»` 5865 ձայն կամ 7.9 տոկոս,
- «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»` 4269 ձայն կամ 5.81 տոկոս,
- «Միացյալ Հայաստան»` 958 ձայն կամ 1.3 տոկոս,
- «Արցախի պահպանողական կուսակցություն»` 2108 ձայն կամ 2.87 տոկոս,
- «ԼՂ կոմունիստական կուսակցություն»` 480 ձայն կամ 0.65 տոկոս,
- «Նոր Արցախ»` 3305 ձայն կամ 4.5 տոկոս։
Ի դեպ, ընտրողների թիվն Արցախում 104 350–ն է, որից ընտրությանը մասնակցել են 76 712 մարդ, այսինքն` ընտրողների 73.5 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 2418, այսինքն` քվեաթերթիկների 2.3 տոկոսը։
Ընտրություններ Արցախում. նախնական տվյալները միայն սոցցանցերում են «պտտվում»
Հիշեցնենք, որ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50 տոկոս +1 շեմը։