ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա Նազելի Խաչատրյանն արդեն խոսում և շարժվում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային փոխանցել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
«Շատ շփվող աղջիկ է, դրական, արդեն ընկերացել է բժիշկների հետ։ Այսօր հարցրի նրան՝ ինչո՞վ ես ուզում զբաղվել, երբ մեծանաս, ասաց, որ ուզում է բժիշկ դառնալ, ինչպես իրեն շրջապատող մեծերը։ Հետո մի քիչ մտածեց ու ասաց. «Մեկ էլ դերասանուհի եմ ուզում դառնալ»,-երեխայի խոսքերը ժպիտով փոխանցեց Դերձյանը։
Հիշեցնենք, որ ծեծի ենթարկված աղջիկը հայտնաբերվել է մարտի 5-ին Գյումրիում գտնվող տանը։ Նույն տանը հայտնաբերվել է նաև նրա մոր՝ 43-ամյա Մարիամ Խաչատրյանի մարմինը՝ բռնության հետքերով։ Հանցագործությունը կատարելու մեղադրանքով բերման է ենթարկվել 28-ամյա տղամարդ՝ Խաչատրյանի ընկերը։
Նազելիին սկզբում հասցրել են Գյումրու հիվանդանոցներից մեկը, այնուհետև տեղափոխել են Երևան։ Աղջիկը հինգ օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ անգիտակից վիճակում։ Նրա մոտ հայտնաբերվել են բազմակի` գլխուղեղի, կրծքավանդակի և փորի վնասվածքներ, անրակի կոտրվածք։
Հիմա «Սուրբ Աստվածածին» ԲԿ-ում հետևում են երեխայի ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական վիճակին։ Նրա հետ մի քանի հոգեբան է աշխատում։
«Երեխայի հետ ամեն օր մի հոգեթերապևտ է աշխատում։ Աղջիկը հեշտ է շփվում, խոսում է։ Մենք աշխատում ենք չթարմացնել վերքը, օրինակ, նրա հետ չենք խոսում իր մոր մասին։ Կարող եմ ասել, որ Նազելին իրեն հոգեպես շատ լավ է զգում»,-փոխանցեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղարը։
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շարժել ոտքն ու ձեռքը
Աղջիկը սկսել է շարժել ձեռքն ու ոտքը, նրա վիճակն այժմ կայուն է։ Բժիշկները շարունակում են անել ամեն հնարավոր բան, որպեսզի երեխան հնարավորինս արագ ոտքի կանգնի։
Նշենք, որ հայտնի չէ, թե ով է լինելու Նազելիի խնամակալը, երբ նա հիվանդանոցից դուրս գրվի։ Երեխայի հայրը մահացած է, մորական կողմից հարազատներ չունի, հորական կողմի հարազատները հրաժարվում են նրան այցելել։ Աղջիկը անչափահաս եղբայր ունի, որը վերջերս է վերադարձել Ռուսաստանից։
Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջ թաղմանը հարազատներ չեն մասնակցել. լուսանկար
Կնոջ սպանության և աղջկան ծեծի ենթարկելու համար մեղադրվող տղամարդն իր մեղքը չի ընդունում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1 և 14 կետերով (առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը)։ Ենթադրյալ հանցագործը նախկինում դատված է եղել խուլիգանության համար։