ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ըստ Եվրասիական Զարգացման Բանկի կանխատեսումների՝ 2020 թվականին Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն կորոնավիրուսի պատճառով։
Նշվում է, որ ՀՆԱ–ի աճի տեմպը կդանդաղի մինչև 5,6%` հանքաքարի արդյունահանման ոլորտում նվազ սպառման, ինչպես նաև արտահանման ծավալների կրճատման հետևանքով:
2019 թվականին Հայաստանի տնտեսական աճը մեկ տարվա ընթացքում արագացել է 5,2%-ով՝ հասնելով մինչև 7,6%-ի։ Փաստաթղթում նշված է, որ տնտեսական դինամիկայի բարելավման հիմնական գործոն էին դարձել տնային տնտեսությունների սպառման ընդլայնումը և օգտակար հանածոների արդյունահանման վերականգնումը։
Կանխատեսման համաձայն` այս տարի տնտեսական ակտիվությունը կպահպանվի մշակող արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում։
Բանկի փորձագետները կարծում են, որ ներքին պահանջարկի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության խթանող ազդեցությունը լրացուցիչ գործոն կհանդիսանա տնտեսության զարգացման համար։ ԵԱԶԲ վերլուծաբանները միջնաժամկետ հեռանկարում շուրջ 5% ՀՆԱ–ի աճ են ակնկալում։
«Տնտեսական ակտիվությունը կորոշվի աշխատանքի արտադրողականության և ներդրումային պահանջարկի դինամիկայով։ Երկարաժամկետ հեռանկարում տնտեսության ամրապնդմանը կնպաստեն երկրում գործնական և ներդրումային միջավայրի բարելավումը` կառավարության կառուցվածքային բարեփոխումների իրականացման ֆոնին», – նշված է վերլուծական փաստաթղթում։
Ըստ ԵԱԶԲ–ի կանխատեսումների՝ 2020 թվականին գնաճի ցածր մակարդակը կպահպանվի` թույլ գնային կոնյունկտուրայի և Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրներում տնտեսական տեմպերի դանդաղ աճի շնորհիվ։
Վերլուծության հեղինակի կարծիքով` կարճաժամկետ հեռանկարում երկրում գերակշռում են գործնական ակտիվության թուլացման ռիսկերը, որոնք պայմանավորված են կորոնավիրուսային համավարակի հետևանքով ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի նվազմամբ։ Անդրսահմանային բեռնափոխադրումների կրճատումները կարող են հանգեցնել խափանումների միջանկյալ սպառման ապրանքների մատակարարման հարցում։
Վիրուսի տարածումը կանխելու միջոցները կարող են բացասական անդրադառնալ նաև գործնական ակտիվության վրա։ ԵԱԶԲ–ի փորձագետները կարծում են, որ առավել խոցելի են արդյունաբերությունը, առևտուրը, մշակույթը և սպասարկման ոլորտի այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են զվարճանքը, հանգիստն ու հանրային սնունդը։
Հիշեցնենք, որ մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում արգելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։