ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց, որ կորոնավիրուսի ներթափանցումն Արցախի Հանրապետության տարածք կանխելու համար ընտրությունները դիտարկելու համար Հայաստանից Արցախ մեկնող բոլոր դիտորդները նախապես կորոնավիրուսի թեստ կհանձնեն:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ ևս 25-ով և դարձավ 290
«Մենք այսօր արդեն հանրապետությունում ունենք կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստեր: Եկեք պայմանավորվենք, որ մենք համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ դիտորդները ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել այլ անձանցով: Իսկ մեկնումից առաջ նրանք թեստավորվեն արագ թեստերով, և ամեն ինչ անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի»,- ասաց Փաշինայնը:
Վարչապետը հիշեցրեց, որ Արցախում առ այսօր այդ վարակի որևէ դեպք չի գրանցվել, թեև վարակի վաղ հայտնաբերման նպատակով տասնյակ մարդիկ թեստավորվել են:
Հիշեցնենք, մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նախանշված են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:
Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված 290 մարդ կա, որոնցից 2-ի վիճակը ծանր է: 18 մարդ բուժվել են: