ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի ընթացքում օրավարձով աշխատող մարդկանց չաշխատելու ու գումար չստանալու մասին ահազանգերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«ՀՀ-ում այսօր «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի: Կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող: Ընդ որում, պարտավորություն է, որ աշխատանքը և եկամուտը պետք է գրանցվի: Հիմա այսօր, այս պայմաններում բոլոր այն մարդիկ, որոնք գրանցված աշխատող են, իրենք կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, որովհետև մենք իրենց կարողանում ենք գտնել, կարողանում ենք տեսնել՝ որտեղ է աշխատում, վերջին մեկ տարում ինչքան աշխատավարձ է ստացել, վերջին երկու ամսում ինչքան եկամտից է զրկվել, ու մենք իրեն ինչքան պիտի օգնենք, որպեսզի իր սոցիալական վիճակը հնարավորինս կառավարենք»:
Ճգնաժամը նոր հնարավորություններ է բացում. Փաշինյանը տվյալներ է հայտնել
Իսկ ստվերում, օրավարձով աշխատողները, որոնք, Փաշինյանի բնորոշմամբ, «թքած են ունեցել» կառավարության օրինական պահանջների վրա, հիմա իրենց վրա դրա հետևանքներն զգալու են:
«Իրենք մեր քաղաքացիներն են, ու մենք պարտավոր ենք իրենց աջակցելու համար անել քայլեր: Բայց ո՞նց պարզենք իրենց»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը չբացառեց, որ այդ քաղաքացիները կա՛մ ընդգրկված կլինեն, կա՛մ դիմած կլինեն «Փարոս» համակարգում գրանցվելու համար: Հնարավոր է, որ գրանցված լինեն որպես գործազուրկ: Այս դեպքերում վարչապետը չի բացառում, որ նշված մարդիկ ինչ-որ աջակցություն կստանան այս պետական համակարգերի շրջանակներում:
Անդրադառնալով աշխատաշուկային՝ վարչապետը հայտնեց, որ պաշտոնական տվյալներով՝ մարտի 13-ից 24-ը Հայաստանում 4000 քաղաքացի ընդունվել է աշխատանքի, ինչը, ըստ նրա, վկայում է, որ աշխատաշուկայում վերադասավորումներ են տեղի ունենում:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված: Արտակարգ դրությամբ պայմանավորված արգելվել է սրճարանների ժամանցի վայրերի գործունեությունը։ Հանրապետությունում փակվել են առևտրի օբյեկտները (բացառությամբ պարենայինների):
Շատերն այս սահմանափակումների արդյունքում մնացել են առանց եկամտի:
Չի արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվել, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։ Սուպերմարկետները, կրպակները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները շարունակում են գործունեությունը։