ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱԺ-ն արտահերթ նիստում այսօր միաձայն (117 կողմ) հաստատեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը։
Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր), մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։
Այս տարբերակումներն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային, բոլոր դեպքերի համար նախատեսվում էր կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։ Գիտակցաբար այլ անձի կամ անձանց կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում` տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար (այս տարբերակումները ևս առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային)։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնական հրապարակումից հետո։
ԱԺ-ն այսօր առավոտից շարունակում է մարտի 20-ին մեկնարկած արտահերթ նիստը։
Նիստի սկզբում ելույթով հանդես եկավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծից հանվել է ֆիզիկական ու իրավաբանական անձանց հրապարակային գրառումների համար նա[ատեսվող վարչական պատասխանատվությունը։ Այսինքն՝ սոցկայքերում արտահայտված կարծիքների համար օգտատերերը պատասխանատվության չեն ենթարկվի։
«Կառավարությունը դիտարկում է արտակարգ դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակման հարցը»,- ասաց Բադասյանը։
Իսկ ինչ վերաբերում է օրենքի նախագծով սահմանափակվող ԶԼՄ-ների աշխատանքին` նախարարը նշեց, որ ԶԼՄ տերմինը փոխարինվել է լրատվական գործունեություն իրականացնող տերմինով՝ այսպիսով ավելի լայնացնելով շահառուների շրջանակը, քանի որ էլեկտրոնային կայքերը ԶԼՄ չեն համարվում։ Տուգանքի չափը մնացել է նույնը՝ 300-500 հազար դրամ, իսկ տեղեկատվությունը չհեռացնելու դեպքում՝ 500 հազարից 1 մլն դրամ։
Հիշեցնենք` Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակված 194 մարդ կա։
Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։
Հեռախոսային նոր հավելվածի միջոցով մարդիկ կիմանան, թե թիրախային որ խմբում են. Ավինյան
Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակվածների թիվը սկսեց աճել։
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։
Ararat Challenge–ի հանգանակություններով 10 արհեստական շնչառության սարք ձեռք կբերվի